Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|
14:04 - 04 մարտի, 2021

Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի հայտարարություններին, ըստ նրա՝ «ստերին»: 

«Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում՝ սուտ համար մեկ, և նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու՝ սուտ համար երկու: Պետք է վստահեցնեմ, որ նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ մանյովրների, ճարպկությունների, խարդավանքների, և երկրորդ՝ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Հիմա, որպեսզի խոսքերս ծածկադմփոց չլինեն ու հիմնավոր հնչեն, կրկին այդ «լեգենդար» հայտարարությունից մեջբերումներ պետք է անեմ»,- ասաց պատգամավորը:

Հայրապետյանը ընթերցեց Վարդազարյանի հայտարարությունից հատվածներ ու մեկնաբանեց:

«Իր հայտարարությունը մի քանի շերտեր ունի իրականում: Առաջին շերտը ուղերձ է իր սեփական դատավորներին և ջարդարարներին: Երկրորդ հատվածը անարգանք է ծայրից ծայր արժանապատիվ դատավորների նկատմամբ և դատական համակարգի, այդ ինստիտուտի նկատմամբ: Երրորդ շերտը՝ վրեժ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ռևանշիզմ, ըստ էության, իր ողջ հմայքով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ հայտարարությանը հաջորդեցին նաև գործողություններ:

Հայրապետյանն ասաց, թե ինչու հենց նոյեմբերի 15-ին եղավ այդ հայտարարությունը, քանի որ, պատգամավորի խոսքով, նոյեմբերի 13-16-ն այն օրերն էին, երբ դատարաններում քննվում էին ԱԺ և Կառավարություն մտած, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրած մարդկանց գործերը:

«Այն, ինչ մեր գործընկերոջ նկատմամբ տեղի է ունեցել, սրա արմատներն այս հայտարարությունն է և ոչ միայն: Պետք է հստակ արձանագրենք՝ այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի սրա համար, մենք կլինենք իշխանության, թե ոչ, շուտ թե ուշ, միևնույն է, ճշմարտությունը և արդարությունը հաղթանակելու են»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ Վարդազարյանի հայտարարությունը ոտքից գլուխ քաղաքական հայտարարություն է, որին պետք է  գնահատական տրվի:

Պատգամավորի խոսքով՝ եթե ԲԴԽ գործող նախագահը վստահ լիներ, որ երեկ հրավիրվելու է ԱԺ՝ պատասխանելու նաև մեր հարցերին, 100 տոկոսով երաշխավորում եմ՝ այդ հայտարարությունը չէր լինելու: Ըստ Հայրապետյանի՝ Վարդազարյանը մեղք չունի, նրան վստահեցնում էին ինչ-որ տեղից, որ ինքն էլ պետք է իր քայլն անի: 

Հայրապետյանը շեշտեց՝ Ռուբեն Վարդազարյանին չհաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել, այլ հիմնականում ձևավորեց պետությանը և ժողովրդին ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, երբեմն դրսևորող դատական համակարգ: 

ԱԺ պատգամավորը նշեց՝ Վարդազարյանին համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոչ է անում համապատասխան դիրքավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել