Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ
17:05 - 03 մարտի, 2021

Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով խորհրդարան եկած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց, թե շատ հեշտ է ասել՝ «եթե մեղավոր եմ, ապա կպատժվեմ»։ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 15-ի իր կոչով Վարդազարյանը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը, և որ դա սովորական հայտարարություն չի եղել: 

«Եթե փաստերը համադրենք իրար հետևից՝ պատերազմական գործողություններ էին,  պատերազմի ընթացքում կոչեր՝ իշխանությունը գրավելու, հետո նոյեմբերի 9-10, հետո ձեր հայտարարությունը, հիմա էլ ԳՇ որոշ հրամանատարների հայտարարությունը։  Հիմա ամեն մեկը ասի դա իմ սրտից բխող հայտարարությո՞ւն է, այդպես չի լինի։ Ես համոզված եմ, որ եթե ձեզ մնար, դուք այդ հայտարարությունը չէիք անի կամ գոնե կբաշխեիք այդ ռիսկերը ԲԴԽ մյուս անդամների հետ»,- հավելեց պատգամավորը։ 

«Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից, ավելին՝ ոչ ոք չի կասկածում, որ դատական համակարգում կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ դատավորներ, սակայն քաղաքական նման իրողությունների մեջ ներքաշվող համակարգին հասարակությունը անվստահություն է հայտնում, քանի որ սպանության, բռնության կոչեր անող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ»,- հավելեց Քոչարյանը:

Վերջինս ԲԴԽ նախագահին հարցրեց, թե արդյոք պահպանվե՞լ են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ, որովհետև, Քոչարյանի խոսքով, նման հայտարարություններից հետո արտախորհրդարանական ուժերը ոգևորվում են։ 

Վարդազարյանը պատասխանեց, որ համաձայն չէ Քոչարյանի այն դիտարկման հետ, թե իր կոչով վնասել է երկրի ներքին կայունությանը և անվտանգությանը։ 

«Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը՝ այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը:

Վարդազարյանը ասաց, որ իր գործունեության տարբեր փուլերում գործնական տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Վանեցյանի հետ։ Վարդազարյանի խոսքով ընկերական հարաբերությունները օգնել են, որ գործը առաջ գնա, այդ հարաբերություններն ունեցել են իրենց ազդեցությունը։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանը չի ունեցել,  չունի և չի էլ կարող ունենալ ազդեցություն ինձ վրա։ Եթե ես զգամ, որ ինձ վրա կա ճնշում որևէ ուժի կողմից, ապա ես խոստանում եմ՝ և՛ օրենքի պահանջը կկատարեմ, և՛ համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին, և՛ կդիմեմ ԲԴԽ-ին։ Տեղյակ կպահեմ, որ ինձ վրա կա ճնշում կամ փորձում են ազեցություն կիրառել»,- հավելեց ԲԴԽ նախագահը։ 

Արձագանքելով պատասխանին՝ Անդրանիկ Քոչարյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց հեռու պահել դատական համակարգից բոլոր ազդեցությունները, որոնք կվնասեն մեր երկրի կայունությանը։ Վարդազարյանը հավելեց, որ կհետևի պատգամավորի կոչին և ամեն ինչ կանի, որպեսզի դատական համակարգը հեռու պահի քաղաքական որևէ ազդեցությունից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել