Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|
13:01 - 02 մարտի, 2021

Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,  հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել։

Մրցույթի ընդհանուր  մասնակիցները 6-ն էին, իսկ  քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ։ Քվեաթերթիկներից մեկն  անվավեր է։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը նշեց, որ մինչև թեկնածուների ելույթները իրենք  հնարավորություն են ունեցել  ծանոթանալու թեկնածուներից չորսի ներկայացրած հայեցակարգերին, որովհետև վերջիններս համաձայնություն էին տվել, որ իրենց հայեցակարգերը  նախօրոք լինեն հասանելի. «Թեկնածուներն ունեն  տարբեր փորձառություններ, տարբեր տարիքի են՝ սկսած ամենաերիտասարդից մինչև ամենաավագ անդամը, որը մեզ հնարավորություն է տալիս այսպիսի լայն սպեկտրի մեջ ավելի նորմալ ընտրություն կատարել, թեկնածուները բավականին պատրաստված են, ընտրությունը պետք է որ արդյունավետ լինի», ասաց Վարդան Պետրոսյանը։

Վերջինս նաև հավելեց, որ ծանոթանալով ներկայացված հայեցակարգերին՝ նախապատվությունը տալիս է ավելի երիտասարդ սերնդին․ «Սա պայմանավորված է նրանով, որ ամբողջ աշխարհում  գործընթացները շատ արագ են  զարգանում, ուստի իմ հակվածությունը դեպի ավելի երիտասարդն է։ Նրանց ներկայացրած հայեցակարգերը բավականին որակյալ են, իսկ մեր ավագ ընկերներին, ովքեր ավելի տարիքով են, փորձառու են, կարծում եմ, որ պետք է որպես խորհրդատու աջակցենք երիտասարդներին գործընթացներում՝ սա իմ մոտեցումն է»․

Արդեն մրցույթի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն,  Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, իրենց ելույթից և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել