ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին
11:51 - 02 մարտի, 2021

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ոչ մի քննարկման չեք մասնակցել, չնայած եղել եք մշտական անդամ․ Կոնջորյանը հակադարձեց Աբովյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` «Lուսավոր Հայաստան» խմբակցության հետ, հետամուտ լինելով, որ իրավիճակը, լարվածությունը մի քիչ թեթևացնի, առաջարկում է արտահերթ նիստ։ Արտահերթ նիստին ոչ ոք չի գալիս։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Նշենք, որ փետրվարի 25-ին և 26-ին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ կապված ԳՇ հայտարարության և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն խորհրդարանի մեծամասնությունը չէր ներկայացել ԱԺ խորհրդի երկու նիստերին էլ, ինչի հետևանքով դրանք չէին կայացել։

«Եթե դեմ էիք, գայիք և դեմ քվեարկեիք, ինչո՞ւ եք միտումնավոր պարալիզացնում խորհրդարանի աշխատանքը»,- հավելեց Աբովյանը։

Վերջինս իր ելույթում շեշտեց, որ օրակարգում 19 հարց է, որոնցից միայն մեկն է վերաբերում գերիների հարցին, դա էլ անկախ պատգամավոր է առաջարկել։ Աբովյանի խոսքով՝ մյուս բոլոր հարցերին նայելիս տպավորություն է, որ Հայաստանն առանձին ապրում է իր խնդիրներով, իսկ կառավարող ուժը առանձին օրակարգեր է փորձում գեներացնել։

«Չեք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ինչպե՞ս ենք դուրս գալու այս իրավիճակից»,- եզրափակեց Աբովյանը։

Վերջինիս հարցադրումներին իր ելույթում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ասելով․ «Ձեր ելույթից հետո ցանկացա ելույթ ունենալ, որովհետև դուք մեզ մեղադրում եք և հատկապես մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար։ Ես համաձայն եմ, որ գերիների հարցը այսօր մեր պետության և մեզ համար համար  մեկ առաջնահերթությունն է։ Կարող եմ ընդունել ձեր քննադատությունը, որ մենք չեն օգտագործում  բոլոր հարթակները գերիների մասին, Արցախյան պատերազմի, դրա հետևանքների մասին խոսելու համար։ Ես ուզում եմ կոնկրետ օրինակով պատասխանել Ձեզ և Ձեզ այդ հարցը տալ։ Դուք, նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած, հանդիսանոմ եք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մշտական անդամ։ Երեք մշտական անդամ կա, որից 2-ը՝ իշխանությունից, մեկը՝ ընդդիմությունից։ Մենք այդ պահից սկսած մինչև այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում, կոնֆերանս ամենատարբեր հարցերի շուրջ։ 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ  բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները։ Ոչ մի անգամ չեք մասնակցել»։

Կոնջորյանը նշեց, որ հանձնարարել է քարտուղարությանը, որ անդամները տեղեկանան հանդիպման մասին և ունենան քննարկման հղումները, որ բոլորը մասնակցեն այդ քննարկումներին։ Աբովյանը, Կոնջորյանի խոսքով, երբեք չի մասնակցել քննարկումներին։ Իմքայլական պատգամավորը նաև ընդգծեց, որ փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը պատերազմից հետո առաջին ձմեռային նստաշրջանն էր։ Ըստ պատգամավորի՝ այս նստաշրջանին նույնպես Աբովյանը չի մասնակցել։ 

«Մենք պայմանավորվել էինք նույնսիկ, թե Դուք որ կոմիտեում եք լինելու, Դուք խոստացել էիք մասնակցել։ Դուք կրկին հնարավորություն ունեիք ադրբեջանցիների աչքերին նայելու, 400 պատգամավորների ներկայությամբ կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը։ Դուք գալիս, ասում եք գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք ստեղծում։ Այո՜, Դուք կարող եք այստեղ մեզ քննադատել, բայց, հանուն արդարության, կատարեք նաև Ձեր պարտականությունները»,- եզրափակեց Կոնջորյանը։

Աբովյանն էլ իր հերթին հակադարձեց Կոնջորյանի առաջ քաշած տվյալներին՝ ասելով․ «Ինչ վերաբերում է իմ գործունեության այդ ուղղությանը՝ Ձեր խմբակցությունում առնվազն երկու մարդ կա, ով շատ լավ տեղյակ է իմ գործունեության մասին, թե ադրբեջանական պրոպականդայի դեմն առնելու, թե բոլոր մնացած հարցերին։ Այստեղ  մանիպուլյացիա մի արեք։ Դուք կարո՞ղ է տեղյակ չեք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է։ Ես Ձեզ տեղեկացնում եմ։ Երբ մեղադրանքներ եք հնչեցնում և մի քանի անգամ ասում եք՝ «ադրբեջանցիների ճակատին ասեիք» արտահայտությունը, ասեմ, որ մենք ձեզնից շատ ու ավելի դիպուկ ենք անում դա»։ 

Աբովյանը նշեց, որ, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, որն ուղղված է գերների հարցի լուծմանը։ 

Կոնջորյանն էլ արձագանքեց Աբովյանին՝ նշելով, որ կասկածի տակ չի դնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքը, սակայն պատգամավորը կրկին շեշտեց ԵԱՀկ խորհրդարանական վեհաժողվոի մշտական անդամի դերն ու կարևորությունը և այն հանգամանքը, որ Աբովյանը մեկ տարվա ընթացքում իր մտքերը չի արտահայտել այդ պլատֆորմում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել