Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր
20:52 - 18 փետրվարի, 2021

Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:

«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը:

«Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել