ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում
17:01 - 21 փետրվարի, 2021

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 3-ին, շրջում էր Արտաշատ քաղաքում, զրուցում բնակիչների հետ։ Քաղաքացիներից մեկի հետ հանդիպման ժամանակ, խոսելով կանոնավոր չվերթների բացման դեպքում դրական տեղաշարժի մասին, նա ասաց, թե ՌԴ-ի հետ սահմանը բացվելու առաջին օրն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել․

«Ի միջի այլոց, որ ՌԴ-ն բացվում է, օրինակ, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են եւ նրանք մեկ տարի է՝ չեն եկել: Հիմա մտածում ենք, որ կանոնավոր չվերթները սկսեն բացվել, կսկսեն գալ ու փող կծախսեն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի այս խոսքն արտատպվել է մի շարք լրատվականներում [1,2,3,4,], սակայն այն չի համապատասխանում իրականությանը։

ՌԴ-ի հետ երկկողմ օդային հաղորդակցությունը, փաստորեն, սկսվել է փետրվարի 1-ին։ 

Infocom-ը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ փետրվարի 1-ին՝ ՌԴ-ի հետ օդային սահմանի բացման առաջին օրը, ՀՀ-ից դեպի ՌԴ իրականացվել է 8 չվերթ, իսկ ՌԴ-ից դեպի ՀՀ՝ 9 չվերթ։ Սակայն նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 1135, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 906 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։

Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը Հայաստանից մեկնածների թիվը 229-ով ավելի է, քան ժամանածներինը։

Փետրվարի 2-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 4-ական չվերթ։ Նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 667, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 466 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։

Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երկրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 201-ով ավելի է, քան ժամանածներինը։

Փետրվարի 3-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 3-ական չվերթ։ Նույն օրըՀայաստանից Ռուսաստան մեկնել է 541, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 357 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։

Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 184-ով ավելի է, քան ժամանածներինը։

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի առաջին երեք օրերի ընթացքում Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը 614-ով ավելի է, քան ժամանածներինը։

Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը ավելի շատ մարդ է եկել, քան գնացել, իրականությանը չի համապատասխանում ոչ միայն փետրվարի 1-ի տվյալների մասով, այլ նաեւ երեք օրերի։ 

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ՀՀ-ից ՌԴ եւ ՌԴ-ից ՀՀ մեկնելու ու ժամանալու հավանականությանը՝ նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ-ից Վրաստան մեկ չվերթ է իրականացվել՝ առանց ուղեւորների։ Նույն օրը Վրաստանից Հայաստան չվերթ չի իրականացվել։

Ի հավելումն նշենք, որ փետրվարի 4-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր տվյալներով հայտարարեց, որ նախորդ երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Նա նշեց, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածների թիվը՝ 1263։ Եւ քանի որ փոխվարչապետն այս տվյալները հայտնեց դեպի ՌԴ չվերթների վերաբերյալ քննարկման ընթացքում, որոշ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե տվյալները վերաբերում են կոնկրետ ՌԴ մեկնած եւ ՌԴ-ից վերադարձած ուղեւորներին։ Սակայն Infocom-ը փոխվարչապետի գրասենյակից տեղեկացավ, որ Գրիգորյանի հայտնած թվերը վերաբերում են փետրվարի առաջին երեք օրերին ՀՀ-ից տարբեր ուղղություններ մեկնած եւ վերադարձած ուղեւորներին, եւ ոչ թե միայն Ռուսաստան։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել