Կապանի օդանավակայանն արդեն պատրաստ է թռիչքներ սպասարկել
 |1lurer.am|
22:33 - 08 փետրվարի, 2021

Կապանի օդանավակայանն արդեն պատրաստ է թռիչքներ սպասարկել |1lurer.am|

1lurer.am: Ծովի մակարդակից 705 մետր բարձր Կապանի «Սյունիք» օդանավակայանն է: 2017-ից մեկնարկած վերակառուցման աշխատանքներն ավարտվել են: Նոր վարչական շենքն ու թռիչքուղին պատրաստ են ցանկացած պահի թռիչքներ սպասարկել, նաև առանձին հրապարակ՝ ուղղաթիռների համար:

Կարեն Վարդանյան, «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ տնօրեն - Ունենք սերտիֆիկատ, 2020 թվականի նոյեմբերին ստացել ենք միջազգային սերտիֆիկատ, կարող ենք սպասարկել չվերթեր:

Օդանավակայանի սահմանից դուրս՝ աջ հատվածում, ռուս խաղաղապահներն են, դիմացի սարին՝ ադրբեջանական հենակետը: Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո տարածված լուրերը, թե դեկտեմբերի 1-ից օդանավակայանի տարածքն անցնելու է Ադրբեջանին, ապատեղեկատվություն է. 24/7 ռեժիմով վերասկվում է անվտանգությունը: Ճիշտ չէ նաև, թե օդանավակայանի հարակից տներից, կամ գյուղերից մարդիկ լքել են իրենց տները:

Ճանապարհը տանում է մոտակա՝ սահմանային Եղվարդ համայնք: Ադրբեջանի հենակետերին մոտ Միհրանի տունն է: Պատշգամբից տեսանելի են բոլոր շարժերը: Նոր տեղորոշումից հետ գյուղի դաշերից որոշները մոտ են հենակետերին: Ձյունն այստեղ դեռ չի հալել, բայց տեխնիկայով երկու անգամ դաշտերը փխրեցրել են՝ գարնանացանի համար, հիմնականում ցանում են գարի և ցորեն;

Միհրան Սարգսյան, Եղվարդի բնակիչ - Ցանքս արել ենք, մեր դաշտերն է, բայց իրենց ավելի մոտիկ է: Գարնանը պատրաստվում ենք դաշտերը ցանել: 

Իջնում են դաշտերը, այցելում սահմանապահներին: Արտառոց ոչինչ չեն տեսել, ադրբեջանցիներին տեսնում են մոտիկից՝ վրաններում են կամ դրոշի մոտ: Ոչ պատերազմի օրերին, առավել ևս հիմա, գյուղից ոչ ոք չի մեկնել, նույնիսկ կանայք՝ մնացել են, որ թիկունքից օգնեն տղաներին:

Պատերազմից հետո քննարկվող թեման սահմանի անվտանգությունն էր, բայց խուճապային վիճակներ այստեղ չեն եղել: Դպրոցն ու մանկապարտեզը՝ մոտ 60 երեխայով, աշխատել են: Դատարկ տներ գյուղում կան, բայց տիկին Ծովիկն ասում է, որ այդ երեք տներում չեն ապրում 10-ը տարուց ավելի: Երեխաներին էլ չի ստիպում, որ մնան գյուղում: Ինքն ասել է՝ ապրեք, որտեղ ուզում եք: Տղաները մնացել են գյուղում:

Ծովիկ Հախյան, Եղվարդի բնակիչ - Երեխաներն ասում ենք՝ մենք մեր գյուղից ուր գնանք, մեկ է՝ հետ կգանք, մենք այստեղ կապված ենք: 

Կապանում և հարակից շրջաններում անորոշությունը փոխվել է սովորական առօրյայով: Անհանգստություն կար, երբ տեսել էին, թե ադրբեջանցիները Կապանից տեսանյութեր էին հրապարակել: Գուրգեն պապն ասում է՝ ոչինչ, անտառն առանց աղվեսի չի լինում, փորձում են խուճապ տարածել:

Սյունիքում կյանքը հանգիստ է՝ մարզպետն է վստահեցնում: Ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ամեն շաբաթ ամփոփում են կատարված և կատարվելիք աշխատանքները՝ սահմանային անվտանգությունից մինչև տնտեսական հեռանկարներ:

Մելիքսեթ Պողոսյան, Սյունիքի մարզպետ - Քիչ խոսենք, շատ աշխատենք, ամեն ինչ իր տեղը կընկնի, ուրիշ խնդիր չունենք, որ չի լուծվում, քաջի համար անհնար ոչինչ չկա:

Մարզպետի հետ հանդիպումը Գորիսում էր՝ մշակած ծրագրով ծրջում է սահմանային բնակավայրերով, ցուցակագրում անելիքները; Ասում է՝ իր համար մարզպետի պաշտոնն առաքեություն է, պետք է արդարացնի սյունեցու սպասելիքները:

Մելիքսեթ Պողոսյան - Հարենիքը մեկն է, մենք՝ շատ: Մարդ միչև վերջին շունչը պիտի պայքարի հայրենիքի համար:

Ինքը երեք պատերազմ է տեսել, շատերին է կորցրել: Շատերին էլ գտել է պատերազմի դաշտում; Մի խնդրանք ունի՝ հայրենիքի մասին խոսելիս քաղաքական երագներ չմտցնել; Սյունիքում զգոն ապրելը նոր չէ, այստեղ բոլորը սահմանապահ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել