ՀՀ-ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
13:11 - 05 փետրվարի, 2021

ՀՀ-ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում:

Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նկատեց, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու առումով և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում:

Անդրադառնալով այլ թեմաների՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նաև հարկ է համարում դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:

«Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:

Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման առանցքում է
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները, մակրոտնտեսական իրավիճակը,  միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկները։ 

Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում բուծման աշխատանքների համակարգման և վերլուծության գործընթացի աջակցման կարգը:

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի խոսքով, իրենց նախագահության ժամանակահատվածում առանցքային են լինելու տարբեր ուղղություններ՝ հիմքում ունենալով  ԵԱՏՄ փորձը։

«Ընդհանուր ԵԱՏՄ֊ ի շուկայի հասանելիությունը դառնում է խիստ անհրաժեշտ։ Կարևոր է ջանքերն ուղղել  ապրանքների սահուն տեղաշարժն ավելի արդյունավետ կազմակերպելու գործընթացին։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել թվայնացման օրակարգը։ Անհրաժեշտ է խթանել թվային նախաձեռնությունները՝ բացահայտելով եղած ներուժը»,-ասաց Ղազախստանի վարչապետը։

Կարևորելով միության և երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, Ասկար Մամինը նշեց, որ պետք է ակտիվ գործել այդ ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել