Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա. Բաբկեն Թունյան |lragir.am|
21:25 - 03 փետրվարի, 2021

Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա. Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

Տեսակետ կա, որ արտագաղթն ու երկրում տնտեսության վիճակը կախված է լինելու նրանից, թե բիզնեսն ինչպիսի վարքագիծ է դրսևորում, որ բիզնեսը սպասում է իշխանության խոսքին ու ընդունած որոշումներին: Այս առումով ի՞նչ պետք է անել բիզնես աշխուժացնելու և արտագաղթը կանգնեցնելու համար:

Իհարկե, տնտեսության վիճակը մեծապես կախված է սպասումներից, տրամադրություններից, և հնարավոր արտագաղթի պատճառներից մեկն էլ սոցիալ-տնտեսական վիճակն է: Ի՞նչ են անում այդ առումով կառավարությունն ու Ազգային ժողովը․ մշակվում են տարբեր հակաճգնաժամային միջոցառումներ, ահագին քայլեր արդեն իսկ կատարվել են, սոցիալական օգնության մի քանի ծրագրեր իրականացվել են և զուգահեռաբար նաև մշակվում են ավելի խոշոր, արդեն տնտեսության և ներդրումների խթանմանն ուղղված փաթեթներ: Այդ թվում ԱԺ-ում մի քանի օրենսդրական նախաձեռնություններ արդեն հավանության են արժանացել, այս պահին էլ ակտիվ քննարկումների մեջ ենք բիզնեսի հետ, շատ ինտենսիվ աշխատում ենք և իրենց խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնց մասին բարձրաձայնում են, և նոր մեխանիզմներ առաջարկելու ուղղությամբ: Բիզնեսի համար այս պահին ամենակարևորը կանխատեսելիությունն է և կայունությունը: Բիզնեսն այսօր տրամադրված է հետագայում նորմալ աշխատելու:

ԿԲ-ն 0.25 կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյոք դա չի նպաստի, որ նվազեն առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող ներդրումները: Չէ որ թանկ փողը ազդում է վարկավորման վրա: Ընդհանրապես, ի՞նչ կտա դա տնտեսությանը:

Այո, դասական առումով ճշմարտություն է, որ փողի թանկացումը բերում է վարկավորման պահանջարկի նվազման, հետևաբար այդ վարկերով կատարված ներդրումների վրա որոշակի բացասական ազդեցություն ունենում է: Բայց այստեղ կա երկու հանգամանք. Ներդրումների վրա ազդում է ոչ միայն տոկոսադրույքը, այլև երբ երկրում ֆինանսական կամ գների կայունության հետ կապված խնդիր կա: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով բարձրացումը միտված է հենց ֆինանսական կայունության ապահովմանը: Երևի դա ավելի կարևոր գործոն է, քան տոկոսադրույքի բարձրացումը: Բացի այդ, ուզում եմ նշել, որ կովիդից հետո, այսինքն 2020 թվականի մարտից Կենտրոնական բանկը մի քանի անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն մենք դեռ նախաճգնաժամային բարձր տոկոսադրույքից բավական հեռու ենք, և այսօրվա գործող տոկոսադրույքը, իմ կարծիքով, նորմալ է: Եվ վերջին հանգամանքը. Շատ ավելի ցանկալի է, որ ներդրումները կատարվեն ոչ միայն վարկերի հաշվին, այլև ուղիղ ներդրումներ լինեն, այսինքն տնտեսվարողները նաև այլ աղբյուրներից կամ իրենց սեփական միջոցներից, կամ խնայված միջոցներից կարողանան Հայաստանում ներդրումներ անել:

ԿԲ նախագահը 2020-ի համար կանխատեսեց 7.8 տոկոս տնտեսական անկում: Արդյոք կիսում եք նման կանխատեսումը, և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 2021 թվականի համար՝ տնտեսական աճի առումով:

Քանի որ այդ 7,8 տոկոս անկման կանխատեսումն արդեն ավարտված տարվա համար է, արդեն կարելի է ասել, որ սա ոչ թե կանխատեսում է, այլ փաստացի իրավիճակի մոտավոր գնահատական: Ինչպես գիտեք, տնտեսության ակտիվության ցուցանիշն արդեն հրապարակվել է վիճակագրական կոմիտեի կողմից, և այնտեղ անկումը կազմում է 7.5 տոկոս: Ունենալով որոշակի տեղեկատվություն տնտեսության որոշակի ոլորտների ցուցանիշների վերաբերյալ, կարելի է մոտավորապես հաշվարկել, թե ՀՆԱ-ն որքան անկում կունենա: Այդ 7.8 տոկոս ցուցանիշը շատ քիչ շեղումով կարող է լինել: Այսինքն ես էլ եմ հակված, որ անկումը կլինի 7.5-8 տոկոսի միջակայքում:

Ինչ վերաբերում է 2021 թվականին, ապա այն հետճգնաժամային տարի է, այսինքն, կարծում եմ՝ դժվարությունների պիկն անցել ենք, բայց խնդիրներն ամբողջությամբ չեն հաղթահարվել: Կան բացասական ազդեցություններ թե կովիդի, թե պատերազմի հետևանքների, որոնք դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու: Այդ առումով 2021 թվականը կայունացման տարի պետք է դիտարկել: Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա, բայց լիակատար առողջացման և վերականգնման մասին հնարավոր կլինի խոսել կամ 2021-ի վերջից կամ 2022 թվականից: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է և միջազգային զարգացումներից, և հասարակական ու բիզնեսի վարքագծից ու սպասումներից, նաև կառավարության գործողություններից

Շարունակությունը կարդացեք Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել