Կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական գիտական պոտենցիալը. Հայրապետյան |1lurer.am|
12:01 - 01 փետրվարի, 2021

Կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական գիտական պոտենցիալը. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am:  Ազգային ժողովում մեկնարկել են «Գիտությունը՝ որպես  անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև առհասարակ համահայկական գիտական ներուժն ու պոտենցիալը, ու թե ինչպես ենք այն օգտագործելու:

«Խոսելով անվտանգության մասին՝ պետք է հասկանանք, օրինակ՝ ինչպես ենք պատկերացնում պետական գերակշիռ ներկայացվածությամբ ընկերություններ ունենալը, որոնք կզբաղվեն ռազմական արդյունաբերությամբ, ինչպես, օրինակ՝ Սինգապուրում է, թե մասնավոր ընկերությունները պետք է այդ ամբողջ բեռը վերցնեն իրենց ուսերին, ինչպես, օրինակ՝ Ճապոնիայում կամ Մալազիայում է: Նոր տեսակի զինատեսակների, զինամթերքի ձեռքբերման պարագայում ի՞նչ դերակատարում պետք է ունենան փորձագիտական, գիտական խմբերը և ինչպես պետք է համագործակցեն պետության հետ: Ինչ եզրակացություններ պետք է տան, երբ ավիացիոն նոր, հրետանային զինատեսակներ է պետությունը ձեռք բերում՝ այն համադրելով աշխարհի տենդենցների հետ»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ դրանք հարցեր են, որոնց շուրջ կարևոր է լսել ներկաների կարծիքը և դիրքորոշումը:

Նա հույս հայտնեց, որ միջոցառման արդյունքում կկարողանան գաղափարների ու մտքերի ծաղկաքաղ անել ու շարժվել առաջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել