Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է.ԳԹԿ |armenpress.am|
15:34 - 16 դեկտեմբերի, 2020

Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է.ԳԹԿ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է: Այս մասին վկայում են TIMSS (Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային հետազոտությունների արդյունքները: TIMSS-ը հեղինակավոր ստուգատես է աշխարհում, որի արդյունքների հիման վրա երկրները մշակում են իրենց կթական քաղաքականությունը:

Այն անցկացվում է 4 տարին մեկ, Հայաստանը մասնակցում է 2003 թվականից: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն, TIMSS միջազգային հետազոտությունների Հայաստանի համակարգող Արսեն Բաղդասարյանը նշեց, որ ստուգատես անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանում: Այս անգամ ստուգատեսին մասնակցել է 150 դպրոց Հայաստանի ամբողջ տարածքից:

«Բուն ստուգատեսը երկու բաժնից է բաղկացած: Առաջին դեպքում կատարվում է գիտելիքի գնահատում մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից աշակերտները կատարում են համապատասխան առաջադրանքներ: Հաջորդ բաղադրիչը, կրթական միջավայրի ուսումնասիրությունն է՝ դպրոց, համայնք, ընտանիք և դրանց ազդեցությունն առաջադիմության վրա: Ասեմ, որ երկրորդ բաղադրիչին առնչվող հարցաշար նախատեսված է նաև ուսուցիչների, տնօրենների համար»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը: Ստուգատեսի արդյունքների համաձայն, աշակերտների մոտ թե մաթեմատիկայի, թե բնագիտական առարկաների գծով իմացության ցուցանիշների աճ է գրանցվել: Այդ ցուցանիշը 2011 թվականի անկումից հետո սկսել է բարձրանալ: Ավելին, այսօր մաթեմատիկայի առաջադրանքների արդյունքներով 4-րդ դասարանի աշակերտների ցույց տված միջին միավորը գրեթե համընկնում է միջազգայինի միջինի հետ:

«Բնագիտության առարկաների գծով ցուցանիշները ժամանակին բարվոք չեն եղել, նույնիսկ անկում է եղել: Հիմա տեսնում ենք, որ տարեց տարի բարելավում է նկատվում: Թեպետ, ասեմ, որ մաթեմատիկայի հետ համեմատ, բնագիտականի գծով դեռ աշխատելու տեղ կա: Այս պահին կդժվարանամ ասել, թե խնդիրները որտեղից են գալիս, սակայն ակնհայտ է, որ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մոտիվացիա չկա կարծես»,- ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալը:  

Հետազոտությունը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալ իրենց կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատել հաջողությունները մյուս երկրների հետ, հասկանալ ընդհանուր ուղղվածության բարենպաստ լինելը, վերհանել խնդիրները: Հետազոտությունը հնարավորություն է տալիս չափելի դարձնել կրթական արդյունքը: Օրինակ, երբ ասվում է, կա դժգոհություն կամ գոհունակություն, ապա դա ոչ թե կարծիքի, ճաշակի վրա է հիմնվում, այլ չափելի տվյալների: Դա թույլ է տալիս, կոնկրետ դեպքում հասկանալ իրավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել