Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը
17:45 - 11 դեկտեմբերի, 2020

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ Երևանի փողոցներում երթ իրականացնելով: 

Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ Հայաստան» և այլ կոչեր:

Այնուհետև երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ: 

Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել ակցիայի 37 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը:

Իսկ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակից վնասվածքներով Հերացի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել մեկ ցուցարար և մեկ ոստիկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել