Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին
18:53 - 10 դեկտեմբերի, 2020

Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Արցախի Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններն անցնում են Ադրբեջանի հսկողության տակ։

Սյունիքի մարզի Տեղ, Կապան և Գորիս խոշորացված համայնքների մի քանի  բնակավայրեր, որոնք սահմանակից են Արցախին, այդ տարածքների՝ հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո դարձան սահմանամերձ։

 

Տեղի և Կապանի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ․ ի՞նչ խնդիրներ ունեն բնակիչները

Տեղ համայնքի յոթ բնակավայրերից սահմանամերձ են դարձել վեցը՝ Տեղը, Արավուսը, Կոռնիձորը, Խնածախը, Վաղատուրը, Խոզնավարը։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ այս պահին իրենք աշխատում են մեր զինվորականների հետ՝ փորձելով լուծել սահմանների որոշման հարցը։

Լուսանկարում՝ Տեղի և Գորիսի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը

«Եթե փաստաթուղթ ենք ստորագրել, պիտի փաստաթղթին երկու կողմերն էլ հավատարիմ մնան: Որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ կան, որոնց հետ կապված հարցերն ենք ուզում կարգավորել: Կստացվի՝ կանենք, չի ստացվի՝ չենք անի»,- ասաց նա։

Ներսես Շադունցի խոսքով՝ մինչ այս համայնքի բնակիչների գրեթե 70-80 տոկոսը զբաղվում էր անասնապահությամբ։ Անասուններին կերակրելու համար գյուղացիներն օգտվում էին հիմնականում Արցախի տարածքում եղող արոտավայրերից։ Քանի որ արոտավայրերն արդեն Ադրբեջանի կազմում են, բնակիչների մեծ մասը վաճառել է անասունները։

Հարցին, թե արդյո՞ք այլ արոտավայրեր չկան, որոնցից բնակիչները կարող են օգտվել, համայնքի ղեկավարը պատասխանեց․

«Մենք հիմա ձմեռ ենք ապրում, չենք կարող անասունները տանել, Ջերմուկի սարերում պահել: Ամռանը կարող ենք տանել, բայց ձմռանն իջնում են դեպի հարավ»։

Շադունցի խոսքով՝ բնակիչներն արոտավայրերից օգտվում էին գրեթե ողջ տարին, այդ պատճառով էլ քիչ անասնակեր են կուտակել, որոշ բնակիչներ էլ անասնակեր են կուտակել այն տարածքներում, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Դա է պատճառը, որ նրանք չէին կարող կուտակված անասնակերով պահել իրենց անասուններին, մինչև եղանակները կտաքանային, և կլուծեին արոտավայրերի խնդիրը։

«Ովքեր այստեղ քիչ քանակությամբ կուտակել են, իրենց հաշվարկներն արել են, ըստ կուտակած անասնակերի` ինչքան հնարավոր է եղել, պահել են»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հարցին, թե այդ դեպքում ինչ են անելու բնակիչները, որոնք այլևս անասնապահությամբ չեն զբաղվում, Շադունցը կատակով պատասխանեց՝ բազմավեկտոր գյուղատնտեսություն պետք է վարեն:

Համայնքում այս պահին իրականացվում են դիրքերի ամրացման աշխատանքներ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արոտավայրերի խնդիրը կա նաև Կապանի բնակավայրերում։ Այստեղի բնակիչները ևս օգտվել են նախկինում Արցախի տարածքում եղած արոտավայրերից, որոնք այժմ հակառակորդի վերահսկողության ներքո են։

Լուսանկարում՝ Կապանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը

Համայնքապետի խոսքով՝ բնակիչների մի մասը վաճառել է անասունները, մյուս մասը շարունակում է պահել։ Հարցին, թե արդյո՞ք այդ արոտավայրերի համար այլընտրանք Կապանի մոտակայքում չկա, Փարսյանը պատասխանեց՝ Կապանի տարածաշրջանն այնքան էլ հարուստ չէ արոտավայրերով։

Գևորգ Փարսյանի խոսքով՝ այս պահին Կապանի համար աենակարևոր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է։ Ըստ նրա՝ մեր և հակառակորդի սահմանների միջև պիտի լինի անվտանգության գոտի, որպեսզի բնակիչներն իրենց ապահով զգան։

Դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում, համայնքապետը պատասխանեց՝ խոսքը մարզի տարածքների մասին չէ։

«Եթե հանկարծ կառավարությունը այնպիսի լուծում տա, որի արդյունքում մենք պետք է նահանջենք նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, լուրջ վտանգ է: Իսկ այդ լուրջ վտանգը գիտակցելով` խիստ անհրաժեշտ է, որ լինի այդ անվտանգության գոտին: Դրա հետ կապված ոչինչ չի արվում: Մենք Սյունիքի մարզի տարածքներից շատ ավելի առաջ ենք՝ ապահովելով մեր համայնքի անվտանգությունը, և պիտի սահմանազատվի Կապանի վարչական սահմաններից բավականին առաջ, որպեսզի մեր բնակչությունը գիշերը հանգիստ քնի»,- ասաց նա:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում, և դա է հիմնական պատճառը, որ ինքը միացել է վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին։ Հրաժարականի պահանջին միացել է նաև Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

 

Սյունիքի մի շարք բնակավայրեր կրել են նյութական վնասներ․ ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը

44-օրյա պատերազմի ընթացքում Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ և Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկ բնակավայրերը հրետակոծության հետևանքով նյութական վնասներ էին կրել։ Կապանի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համատեղ ուժերով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը տեղում գույքագրումներ ու չափագրումներ էր անում՝ պատճառված վնասը որոշելու համար։

Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ընթացքում որոշվեց դրամական աջակցություն տարամդրել ՀՀ համայնքների այն բնակիչներին, որոնց անշարժ գույքը վնաս է կրել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով։

«Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- կառավարության նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Այս միջոցառման շահառուներ են Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի, Չայ Զամի տեղամասի և Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի՝ անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչները։

Սակայն Սյունիքի արդեն սահմանամերձ բնակավայրերը կրել էին նաև շարժական գույքի վնաս (մեքենաներ, անասուններ և այլն)։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքին հասցված վնասի չափը գնահատելը բավականին հեշտ է, իսկ շարժական գույքի դեպքում գործընթացն ավելի բարդ է և ժամանակատար։ 

«Ենթադրենք, ավտոմեքենա է վնասվել, ավտոմեքենայի վնասվածության աստիճանը կամ հասցված վնասը հաշվարկելը բարդ գործընթաց է։ Այսինքն` ավելի երկար է տևում, քան անշարժ գույքին հասցված վնասը որոշելը։ Այդ աշխատանքները շարունակվում են, ավարտելուց հետո կամփոփենք, տեղեկությունը կփոխանցենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, կառավարության համապատասխան որոշմամբ փոխհատուցում կտրվի»,- նշեց նա։

Իսկ հարցին, թե արդյո՞ք անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարաններով, Էդգար Մարտիրոսյանը պատասխանեց՝ այս պահին մարզում չկա բնակիչ, որը կացարան չունի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանից տեղեկացանք, որ պատերազմի հետևանքով տուժածների համար աջակցման նոր միջոցառումներ առաջիկայում  նախատեսվում է իրականացնել, սակայն դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու շահառուները։ Այսինքն՝ հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների համար նոր միջոցառումներ կլինե՞ն, թե՞ ոչ։

ՀՀ սահմանամերձ համայնքները ստանում են սոցիալական աջակցություն։ Այս պահին գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2014-ին։ Գործում է նաև կառավարության համապատասխան որոշումը, որով սահմանվում են սոցիալական աջակցության կարգը, ծավալները, ինչպես նաև այն սահմանամերձ համայնքների ցանկը, որոնք ստանում են աջակցություն։ Այս ցանկը փոփոխության է ենթարկվում, երբ անհրաժեշտ է լինում նոր համայնքներ ավելացնել։ Վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած  համայնքները ցանկում դեռևս ներառված չեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ցանկում նոր բնակավայրեր ներառելը միջգերատեսչական հարց է, բացի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ կարծիք պիտի հայտնի նաև պաշտպանության նախարարությունը։ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ հարցն այս պահին քննարկման փուլում է, նախագիծը շրջանառվում է գերատեսչություններում։

«Չենք կարող ասել, թե որ բնակավայրերը կներառվեն, որոնք չեն ներառվի, դեռ պետք է ցանկը վերանայվի, հաստատվի, որովհետև ֆինանսական աջակցության չափ կա, եթե նոր բնակավայրեր են ընդգրկվում, բազմաթիվ նրբություններ կան: Վնասները նախ պետք է գույքագրել, հասկանալ վնասների չափը, դրանից հետո արդեն աջակցության մասին հնարավոր կլինի խոսել։ Այդ ամենն ընթացիկ փուլում է»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավիվյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրատետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ։ Փոխվարչապետի խոսքով՝ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք տեղի են ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի։

 

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել