Թրամփը կազատի Սպիտակ տունը, եթե Ընտրիչների կոլեգիան ճանաչի Բայդենի հաղթանակը |azatutyun.am|
13:24 - 27 նոյեմբերի, 2020

Թրամփը կազատի Սպիտակ տունը, եթե Ընտրիչների կոլեգիան ճանաչի Բայդենի հաղթանակը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ կլքի Սպիտակ տունն այն դեպքում, եթե Ընտրիչների կոլեգիան հաղթող ճանաչի Ջո Բայդենին։

«Իհարկե, ես կգնամ, և դուք գիտեք այդ մասին»,- երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գործող նախագահը:

Բարձրաստիճան հանրապետական գործիչները մինչ այդ տարբեր առիթներով նկատել են տվել, որ Ընտրիչների կոլեգիայի որոշումից հետո Թրամփը կազատի Սպիտակ տունը, սակայն երեկ առաջին անգամ այդ մասին անձամբ Թրամփն է հայտնել:

Գործող նախագահը միաժամանակ ասել է, թե «Ընտրիչների կոլեգիան մեծ սխալ կգործի, եթե որոշի ճանաչել Բայդենի հաղթանակը»:

Ընտրիչների կոլեգիան այս տարվա դեկտեմբերի 14-ին պետք է ժողով գումարի և պաշտոնապես ազդարարի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում:

Բայդենը վաստակել է կոլեգիայի անդամներից 306-ի, իսկ Թրամփը՝ 232-ի աջակցությունը: Թրամփը պնդում է, որ դեմոկրատակաները տարբեր եղանակներով կեղծել են ընտրոությունները:

Նա չի ճանաչել պարտությունը և չի շնորհավորել Բայդենին, սակայն Սպիտակ տունը նոյեմբերի 23-ին ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների գործակալությանը պաշտոնապես թույլատրել է կապ հաստատել Բայդենի թիմի հետ և կատարել անցումային ժամանակաշրջանում օրենքով նախատեսված ընթացակարգային գործողությունները:

Դրանց շարքում են Բայդենի թիմին ֆինանսական միջոցների և գրասենյակների տրամադրումը, դաշնային մակարդակի պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը և անվտանգության ոլորտում տեղեկատվությունների փոխանցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել