Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան
18:17 - 15 նոյեմբերի, 2020

Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագմավավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ մի օգտատեր սպառնում է իրեն և իր կուսակցությանը։ Զոհրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ։ Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով, ի դեպ, իրական օգտատեր է, եւ ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։ Այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ, լռեցնել իմ գործընկերներին։

Չի ստացվելու, հայրենադավները, հայրենիքի դավաճանները ամենածանր քրեական հոդվածներով պատժվելու են, հայրենիքի դավաճանները չեն ազատվելու ժողովրդի հաշվեհարդարից, Արցախը ծախողների անունը պատմության մեջ հավերժ գրվելու է որպես հայ ժողովրդի դավաճաններ եւ բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը օրերի հարց է։

Մեզ սպառնալով, մեզ վախեցնելով, մեր վրա տարբեր թափթփուկներ «քսի» տալով որեւէ մեկը չի ազատվելու պատասխանատվությունից։ Իրենց բաժին պատասխանատվությունից չեն խուսափելու նաեւ բոլոր նրանք, ովքեր այս օրերին լռում են, կամ սատարում են դավաճանությունը։

Տեղադրում եմ Messenger-ով ինձ եկած զանգի սքրինը: Իմ այս գրառումն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին և հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետում, պարոն գլխավոր դատախազ, դուք կբացահայտեք այս օգտահաշվից ինձ մահվան սպառնալիքներ հնչեցնողի ինքնությունը։

Չի հաջողվելու Հայաստանը վերածել բռնապետության, չի հաջողվելու մեզ լռեցնել։
Քրեական գործեր հարուցելով, ապուշագույն մեղադրանքներով կալանավորելով ընդդիմադիր լիդերներին, փորձելով կասեցնել քաղաքական կուսակցությունները, դուք ձեր իշխանավարումը չեք երկարաձգելու, չի ստացվելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել