Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ
16:05 - 15 նոյեմբերի, 2020

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը:

Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլեւ, կիրառելով իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքները  ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչների, հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար:

Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու եւ սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաեւ ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը:

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ:

Բազմիցս շեշտել ենք, որ ազգադավ իշխանությունների դեմ պայքարում  առաջնորդվում ենք սահմանադրականությամբ եւ օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության եւ նրան սատարող խմբավորումների: Սեփական վարքագծի հիվանդագին մտասեւեռումը տարածելով իր ընդդիմադիրների նկատմամբ` իշխանությունը մարդկանց ահաբեկելու ապարդյուն փորձեր է կատարում` առանց հասկանալու, որ ապօրինաբար բանտարկված յուրաքանչյուր հայրենասերի փոխարինում են տասնյակ նվիրյալներ:

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների եւ համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար:

Հայրենիքի փրկության մեր պայքարը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել