Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|
14:23 - 12 նոյեմբերի, 2020

Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ։

Պարոն Սահակյան, 17 կուսակցություն պահանջում է վարչապետի հրաժարականը, ԱԺ արտահերթ նիստ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը։ Ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։

Մենք տագնապալի օրեր ենք ապրում, երբ լավագույն լուծումը միավորվել ու ելքեր փնտրելն է։ 17 ուժերի հռչակած նպատակներն ինձ որոշ չափով հասկանալի են։ Դրանք ավելի հասկանալի կլինեին, եթե հնչեր առաջարկ, թե որոնք են լինելու վարչապետի հրաժարականից հետո իրականացվող քայլերը և համոզիչ փաստարկներ հնչեին, թե ստեղծված իրավիճակում ինչպես են բարելավվելու հայկական կողմի բանակցային դիրքերը։ Մեր նախաձեռնությամբ որոշակի կոնտակտներ եղել են, սակայն ցավոք, նման քայլերի մասին տեղեկատվություն չենք ստացել։ Միաժամանակ, կառավարող ուժը, որպես պատերազմում պարտություն արձանագրող ուժ, առաջինը պետք է շահագրգռված լիներ ապահովել այն կապուղիները, որ հնարավորություն կտային միասնական քննարկումների միջոցով լուծում գտնել։

Ձերբակալություններն ու անվստահությունը հնարավոր վատագույն սցենարներից էր։ Դրանից մի փոքր ավելի վատ սցենար էլ հեղաշրջման փորձն էր, իսկ ամենավատ սցենարը՝ քաղաքացիական պատերազմը։ 17 ուժերի պահանջը շատ քաղաքացիների հոգում կարող է արձագանք գտնել, որ այս կամ այն կերպ արտահայտվում է, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այս պայմաններում կա քաղաքացիների բավականին մեծ շերտ, որ դեռևս սատարում է կառավարող ուժին։ Խնդրանքս ու կոչս է, որ կողմերը ամենասկզբունքային դիրքերից մի քայլ նահանջեն, միավորվեն՝ լուծումներ գտնելու ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Գրառում էիք արել, որ Շուշին չի ընկել, չի պարտվել, այն հանձնվել է։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ Ակնարկում եք, որ դավաճանությո՞ւն է եղել։

Պետական դավաճանությունը շատ ծանր մեղադրանք է, թերևս մեղադրանքներից ամենածանրը։ Այդպիսի մեղադրանք առաջադրելու համար պետք է տիրապետել ամբողջական ինֆորմացիային։ Ես վստահ եմ, որ ապագայում այդ գնահատականը տրվելու է։ Ժողովուրդը, արցունքն աչքերին Շուշին թողնող զինվորները, զոհվածների հարազատները իրավունք ունեն իմանալ՝ ինչ պայմաններում է տեղի ունեցել Շուշիի հանձնումը։ Ինձ հայտնի է, որ անկման նախորդ օրը նախօրեին Շուշի մտած դիվերսիոն մեծ խումբը ջախջախվել է։ Այնուհետև եղել է նահանջի հրաման։ Սա մեծ գաղտնիք չէ։ Հայաստանը շատ փոքր երկիր է նման բաներ կոծկելու համար։ Այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, զինվորներ։ Եթե լավ փնտրենք, մեզնից յուրաքանչյուր երրորդն էնտեղ հարազատ ունեցած կլինի։ Շուշիի գրավումը, կռվելու դեպքում, գործնականում անհնար է։

Կողմնակի՞ց եք արտահերթ ընտրական գործընթացներին։

Նիկոլ Փաշինյանը 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հայտնել է իր կարծիքը, որ պատերազմում պարտված հրամանատարը պետք է հրաժարական տա։ Ես համաձայն եմ իր այդ կարծիքի հետ։ Սակայն, անկեղծ ասած, այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ  պատկերացնում։ Սա բացառապես իմ, որպես մի քաղաքացու, կարծիքն է։ Ընտրական գործընթացները նրա մասին են, որ ժողովրդի համար առավելագույնս հարմար պայմաններ ստեղծվեն, որտեղ ինքը կուսումնասիրի առաջարկված ծրագրերը և գիտակցված, գաղափարական ընտրություն կկատարի։ Այս պահին ես դա լավ չեմ պատկերացնում։ Այս պահին ընտրությունը բացառապես էմոցիաների վրա կլինի, իսկ մենք հերթական անգամ սխալվելու ռեսուրս չունենք։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել