ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
15:53 - 28 հոկտեմբերի, 2020

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

Հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Սուրեն Գրիգորյանը, որոնք ընդունվել են:

Հիշեցնենք, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախաձեռնությամբ հստակեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը եւ երաշխիքները, սահմանվում են օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմաները:

Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով էլ սահմանվում են առավել խիստ պատիժներ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել