«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով
 |pastinfo.am|
13:55 - 21 հոկտեմբերի, 2020

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվող «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալների բացակայության հիմքով։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանության ուժերի վերաբաշխման պատճառով տարբեր քրեական գործերով կալանավորներին դատական նիստերին չեն տեղափոխում, իսկ ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող ամբաստանյալներին, ապա նրանց բացակայության վերաբերյալ տեղեկություն չկա։ Դատական նիստին ներկայանալու համար դատարան էր եկել Պավել Մանուկյանը, որի նկատմամբ կիրառված է դատական սանկցիա։ Մեսրոպ Մակյանը նաև տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտին ուղղված գրություն է ստացվել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, որով ՓՊ նախագահը տեղեկացրել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կամավոր հիմունքներով գտնվել է Արցախում և վնասվածք ստանալու պատճառով այժմ բուժում է ստանում Էրեբունի ԲԿ-ում, ուստի՝ խնդրել է, որ Մուշեղ Շուշանյանի բացակայությունը համարվի հարգելի։

Պաշտպան Մուխսիկարոյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ, եթե պատերազմ է ընթանում, հացթուխն է գնում պատերազմ, Հայաստանու՞մ չպետք է հաց ուտեն, դատարանը կարող է առանձին որոշում կայացնել և կալանավորված անձանց կարգադրիչների միջոցով դատարան բերել, մարդու իրավունքները խախտվում են, քանի որ մարդն ուզում է գալ դատարան՝ իր դատական նիստին։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանձին որոշմամբ դատարան չեն բերվում ամբաստանյալները։ Դատարան են ներկայացվել նաև խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ, որոնք քննարկման առարկա դառնալ չեն կարող՝ կապված ամբաստանյալների բացակայության հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ իր պաշտպանյալների մասով գործը պետք է անջատվի և գործով դատաքննությունը շարունակվի, քանի որ մտնում ենք երկարատև պատերազմի մեջ և թե պաշտպանների, թե՛ ամբաստանյալների, թե՛ մեղադրող կողմի ներկայացուցիչները չգիտեն, թե վաղը որտեղ են լինելու։

Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել