Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 
13:39 - 09 հոկտեմբերի, 2020

Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։

Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։

Քաղաքական իմաստով, սակայն, հաղթանակի ձեւակերպումը կարծես դեռ ամորֆ է, ինչպես կարծում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Ըստ նրա՝ հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար։ 

Infocom-ի հետ զրույցում Նահապետյանը նկատեց՝ մեր հիմնական խաղադրույքը պետք է դիվանագիտական լավ աշխատանքի զուգորդումը լինի արդեն տեղի ունեցած ռազմական հաջողություններին․

«Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարները իրենց կարմիր գծերը ներկայացրել են։ «Պլան մինիմումը» բոլորի դեպքում այն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ ակնհայտ է , որ անկախությունից կամ Հայաստանի կազմում լինելուց բացի՝ ոչ մեկը դա չի տեսնում որեւէ այլ կարգավիճակով։ Սա արդեն համազգային քննարկումների հարց է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ քննարկումները լինելու են դժվար, եւ պիտի ներառեն արցախյան, հայաստանյան եւ սփյուռքի շրջանակները։ 

«Պետք է ծանրութեթեւ անելով հասկանալ՝ որ տարբերակն է լավագույնը, եւ 2 տարբերակներից մեկի վերաբերյալ տալ 1 դիրքորոշում, որի շուրջ էլ արդեն աշխարհում այլ քաղաքական դերակատարները իրենց դիրքորոշումը կհստակեցնեն․ մեկը դեմ կլինի, կփորձի ճնշում գործադրել, մյուսը կողմ կլինի՝ կճանաչի ու կաջակցի»։ 

Թե անձամբ Նահապետյանի համար որը կլինի հաղթանակի լավագույն տարբերակը՝ ՔՈ կուսակցության ներկայացուցիչն այսպես պատասխանեց․ 

«Ես՝ որպես մի հայ ու այս պայքարի ժառանգորդ, եւ մարդ, որը պարտավորություն ունի իր ուսերին գոյություն ունեցողից ավելի պակաս ոչինչ չժառանգել իր զավակներին ու հաջորդ սերնդին, միացումը համարում եմ իդեալական տարբերակ, բայց ես պատրաստ եմ հաշվի նստել նաեւ համակողմանի քննարկումների արդյունքում ձեւակերպված լուծման հետ»։

Անդրադառնալով Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի մակարդակով միջազգային հանրությանն ուղղված այն հայտարարությանը, որ այսօր Արցախի սահմանին տեղի ունեցողը ոչ թե լոկալ, այլ գլոբալ անվտանգության խնդիր է՝ Նահապետյանը մեր զրույցում ասա, որ մի շարք փաստերով լիարժեքորեն արձանագրվում է , որ Թուրքիան այս կոնֆլիկտում ունենում է դեստրուկտիվ միջամտություն, որի ձեւերից մեկը մեր տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելն է․

«Սա արձանագրված է, սա Եվրոպական խորհորդարանում հնչած ելույթների հիմանական մասի կենտորնն է, եւ ես կարծում եմ, որ, այո՛, մեզ միասնաբար հաջողվել է այդ ուղերձը դարձնել քաղաքական խոսակցությունների թոփ վերնագիր»։

Այժմ, ըստ Միքայել Նահապետյանի, մենք պետք է աշխատենք մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ Հայաստանը, Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը հստակեցնելով, պետք է հնարավորություն տա միջազգային այն դերակատարներին, որոնք ուզում են մեզ առարկայական օգնություն ցույց տալ՝ այդ կարգավիճակը ճանաչելով։ 

«Երկրորդ ուղղությամբ մենք պետք է այս համատեքստում համագործակցենք այն պետությունների հետ, որոնց հետ մինչեւ հիմա, կարծես թե, առարկայական համագործակցություն չենք ունեցել, մասնավորապես աֆրիկյան պետությունները, Պոլինեզիայի պետությունները շատ հետաքրքիր հակվածություններ կարող են ունենալ հօգուտ մեզ։ Այս ֆորմատում պետք է օգտագործենք նաեւ ֆրանկոֆոնիայում մեր ունեցած դերակատարումը»,- ասաց Նահապետյանը՝ ընգծելով նաեւ աշխատանքը այն երկրների հետ, որոնք իրենք ճակատագիրը ընդհանրացնում են Ադրբեջանի ճակատագրի հետ (Վրաստան, Ուկրաինա եւ այլն)․

«Պետք է բացատրենք, որ Ղարաբաղի խնդիրը մի առանձին խնդիր է՝ առանձին պատմական անցյալով, եւ Ղարաբաղի վերաբերյալ բալանսավորված ու արդարացի մոտեցում ցուցաբերելը երբեք չի նշանակում իրենց խնդիրներին ու շահերին դեմ գնալ։ Մենք պետք է ոչ միայն դա համոզենք այդ երկերներին, այլ նաեւ այդ երկրների համար գրենք, մշակենք փաստարկներ, թե իրենք ինչ պիտի պատասխանեն Ադրբեջանին, երբ այդպիսի հարցեր լինեն»,- եզրափակեց ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միայել Նահապետյանը։ 

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել