ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|
15:32 - 28 սեպտեմբերի, 2020

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասաց պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու:

«Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտեց, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասաց նա:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշեց նա:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել