Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|
16:36 - 07 սեպտեմբերի, 2020

Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Օրինագծի հեղինակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել