Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
13:23 - 07 սեպտեմբերի, 2020

Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ չմանրամասնելով, սակայն՝ արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ, թե՞ ոչ։

Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։

Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում․

«Կռիվը եղել է գիշերը։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված իրավիճակ է, ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում, սակայն այդ ժամանակ էնտեղ եղել է միայն երկու ոստիկան»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իսկ բերման ենթարկվածների մասին ինքը տեղեկություն չունի։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ծեծի ենթարկվածներից երկուսի վիճակը լավ է, մյուսի մասին որևէ տեղեկություն չունի։

Բունիաթյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները նկատել են, որ բռնություն է գործադրվել նաև ոստիկանների նկատմամբ։

Դեպքի առնչությամբ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը՝ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգության․

«Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։

Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։

Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։ 

Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։

Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի մեկից փոխվել են «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները, ինչը, ըստ ընկերության, կապված է պահնոդրական նախորդ ծառայության ժամկետը լրանալու հետ։ Ամուլսարի պահապան ջերմուկիցների պնդմամբ, փաստորեն, ինչպես նախորդ պահնորդները, այնպես էլ նորերը դիտավորյալ սադրիչ գործողություններ են իրականացնում։

Լուսանկարը՝ Հետք-ի

Մարի Արշակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել