Պատգամավորները շրջանառությունից հանեցին Դատական խորհրդի վերաբերյալ օրենքի նախագիծը․ այն ուղարկվել է ՍԴ |armtimes.com|
12:43 - 03 սեպտեմբերի, 2020

Պատգամավորները շրջանառությունից հանեցին Դատական խորհրդի վերաբերյալ օրենքի նախագիծը․ այն ուղարկվել է ՍԴ |armtimes.com|

armtimes.com: Պատգամավորներն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգից հանեցին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ ավելի վաղ տիրում էր իրավիճակ, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը 8 էր, այսինքն՝ չկար համալրված կազմ, իսկ օրենքը պահանջում է, որ լինի համալրված 10 հոգի։

Նրա խոսքով՝ կային հարցեր, որոնց քննարկման ժամանակ կստացվեր մի իրավիճակ, որ բոլոր ներկաները պարտադիր պետք է քվեարկեին կողմ կամ դեմ, որպեսզի հարցն ընդունվեր կամ մերժվեր։ «Օրինակ՝ եթե անձին պետք է դատավոր նշանակեին, եւ 8 անդամից եթե 6-ը կողմ չքվեարկեին, թեկնածուն դատավոր չէր դառնա։ Այսինքն՝ ի սկզբանե այն 2 ձայնը, որոնք չեն մասնակցում, դիտարկվում են որպես դեմ»,- ասաց պատգամավորը։

Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ այսօր Դատական խորհուրդն արդեն համալրված է, բայց եւ այս հարցն ուղարկվել է Սահմանադրական դատարան: Դավթյանը առաջարկեց այս պահին հանել օրենքի նախագիծը շրջանառությունից, մինչեւ ՍԴ-ի որոշումը պարզ կլինի։

Նա առաջարկեց, որ, այնուամենայնիվ, ձայների քանակը հաշվարկվի նիստին մասնակցող անձանց քվեարկությամբ, սակայն առաջնայինը ՍԴ-ի որոշումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել