Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են |hetq.am|
16:59 - 18 օգոստոսի, 2020

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են |hetq.am|

hetq.am: Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ելույթում նշեց, որ ընտրական ցուցակների առնչությամբ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավական ուռճացված են:

Իոաննիսյանն առաջարկում է ժամկետանց անձնագրեր ունեցող անձանց չներառել ընտրողների ցուցակում, ներառել միայն այն անձանց, ովքեր քվեարկության օրվա նախորդող կես տարվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

Ռիսկային է նաև անգործունակ ճանաչված անձանց տվյալները ցուցակում ներառելը, առաջարկվում է դատարանի կողմից անգործունակ ճանաչված, ինչպես նաև գործունակության սահմանափակումը վերացած անձանց տվյալները փոխանցել լիազոր մարմին, որպեսզի վերջինս դրա հիման վրա ներառի կամ չներառի այդ անձանց տվյալները ընտրողների ցուցակում:

Տեղաշարժման խնդիր ունեցող անձինք, փոփոխությունների դեպքում, կկարողանան իրենց նախընտրած ընտրատեղամասերում քվեարկություն կատարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր տեղամասերն են հարմարեցված տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար:

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Դանիել Իոաննիսյանի խոսքով` այժմ էլ ընտրական ցուցակներում հնարավոր է որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը վիճելի որակեց ոչ վավեր անձնագրով քաղաքացիներին ընտրական ցուցակներից հանելու առաջարկը: Նրա խոսքով` Հայաստանում ևս կան քաղաքացիներ, որոնք տևական ժամանակ առիթ չեն ունեցել օգտագործել անձնագիրը, ինչի հետևանքով վերջինիս վավերականության ժամկետը սպառվել է: ԿԸՀ ներկայացուցչի կարծիքով` հեռավոր բնակավայրերի նման բնակիչները այդ տեխնիկական խնդիրների պատճառով կարող են զրկվել իրենց սահմանադրական իրավունքից` ընտրելուց:

Առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: ԿԸՀ ներկայացուցիչը ողջունեց այս առաջարկը` ասելով, որ թերևս ԿԸՀ կայքը դրա լավագույն լուծումը տվել է, և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր տվյալները գտնել և տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն: Առցանց քննարկումները կշարունակվեն նաև օգոստոսի 21-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել