97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն
18:30 - 16 օգոստոսի, 2020

97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն

97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

«2000 թվականից ի վեր նա մեծ նվիրումով և անշահախնդիր կերպով վերականգնել է մեծ քանակությամբ ձեռագրակազմեր: Պրոֆեսորը բարձր էր գնահատում մեր մշակութային ժառանգությունը և 20 տարիների ընթացքում խորապես ուսումնասիրել էր հայկական ձեռագրական ու, հատկապես, կազմարարական արվեստը: Հարցազրույցների ժամանակ նա երախտիքի խոսքեր էր ասում, որ հենց իրեն է վիճակվել այս պատասխանատու աշխատանքը, որով իր կյանքը վերաիմաստավորել էր:

1999 թվականը շրջադարձային էր հայկական միջնադարյան արծաթակազմ ձեռագրերի փրկության գործում։ Պրոֆ. Շթելեն՝ Մարգրեթ և Յոզեֆ Յաշկե ամուսինների հետ այցելելով Մատենադարան և ծանոթանալով մեր հավաքածուի արծաթապատ ձեռագրերին, առաջարկեց իր մասնագիտական օժանդակությունը դրանց կազմերի փրկության գործում:

Հաջորդ տարվանից սկսվեց համագործակցությունը, որն առանց ընդհատման շարունակվեց երկու տասնամյակ։ Սկսվեցին մետաղապատ ձեռագրերի վերականգնման աշխատանքները՝ Վերականգնման բաժնի ողջ անձնակազմի մասնակցությամբ: Այդ համագործակցության արդյունքում ցայսօր նոր կյանք են ստացել ավելի քան 250 մետաղակազմ ձեռագրեր: Այս շնորհակալ գործը շարունակում են Մատենադարանի երիտասարդ վերականգնողները, որոնք աստիճանաբար հմտացան այս ասպարեզում:

Մեր շատ սիրելի գերմանացի գործընկերները միշտ մեծ պատրաստակամությամբ փոխանցել են իրենց գիտելիքները երիտասարդներին: Այսօր արդեն կարելի է ասել, որ Մատենադարանում հիմք է դրվել վերականգնողական գործի մի նոր ճյուղի:

Վստահ ենք, որ հայ-գերմանական համագործակցությունը շարունակվելու է ձեռագրերի վերականգնման ասպարեզում՝ նորանոր նվաճումներ արձանագրելով, իսկ Ռոբերտ Շթելեն մեր հիշողության մեջ կմնա որպես իր գործի հմուտ վարպետ, հայասեր ու մշակութասեր մի մարդ՝ օրինակելի իր աշխատասիրությամբ ու համեստությամբ»- ասված է Մատենադարանի տարածած հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել