Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|
21:49 - 01 օգոստոսի, 2020

Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ազատությունն» այսօր զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

 

Անդրանիկ Քոչարյան. - Ես Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ եմ եղել, և բացի դա նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեծամասնությունը, եթե ոչ բոլոր քաղբանտարկյալները, եղել են իմ ընկերները: Նրանցից առնվազն երկուսը հիմա գտնվում են կոմայի մեջ, մեկն էլ մահացավ առողջական խնդիրների պատճառով՝ Սմբատ Այվազյան: Դա նշանակում է, որ նրանք իրենց առողջությունը կորցրել են նաև բազմաթիվ դատաիրավական համակարգում գործունեություն ծավալած դատավորների ապօրինի որոշումների պատճառով ևս: Այդտեղ իմ կարծիքը կարող է տարբերվել այլ քաղաքական գործիչների կարծիքից, որոնք ասում են՝ ծնող, հայր, այդտեղ պետք է ոչ մի բան չգտնել: Բայց այստեղ խնդիրը դա չի, մեր խմբակցությունում դա քննարկել ենք [Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի] թեկնածությունը, թեկնածուի հետ ունեցել ենք հարցուպատասխաններ, և մեր քվեարկությամբ մենք կհաստատենք, թե ինչպես ենք վերաբերում այդ թեկնածուի հետ կապված հարցերին:

«Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, այդ հանդիպմանը Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, նա այդ ինչ-ինչ մտահոգությունները փարատե՞ց:

Անդրանիկ Քոչարյան. - Եկեք ես իմ տպավորությունների մասին հիմա չկիսվեմ, մենք կարող ենք խոսել քվեարկությունից հետո:

«Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, շուտով խորհրդարանին ներկայացվելու է նաև ևս մեկ թեկնածու, այս անգամ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի մասին է խոսքը. նորից առնչություն անցյալին, և նորից գնդակը խորհրդարանի դաշտում է:

Անդրանիկ Քոչարյան. - Մենք անցյալի հետքերից այդքան շուտ և հեշտ չենք պրծնելու, բայց ամբողջ գործընթացները մեր երկրի առողջացման գնում են այն ուղղությամբ, որ երկիրը պետք է թեթևացվի՝ իր վրա եղած այդ ծանրությունները հաղթահարելով: Այնպես որ եկեք թեկնածությունները, քննարկումները տեսնենք ինչպես կանցնեն թե՛ խմբակցություններում, թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանական քննարկումը շատ կարևոր են, դրանք էլ առողջացման և վեթինգի տարրեր են պարունակում: Կարևորելով նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած այս մեկ տարվա պրոցեսները, նաև մեր դատաիրավական համակարգի առողջացման խնդիրները, կարծում եմ, որ ամեն մի թեկնածու պետք է վերջիվերջո համապատասխանի այն չափորոշիչներին, որը նաև ամրագրված է հեղափոխության օրակարգում:

«Ազատություն». - Ամեն դեպքում չե՞ք բացառում, որ անգամ եթե նա կառավարության, վարչապետ Փաշինյանի թեկնածուն է, կարող է Ազգային ժողովում մերժվել:

Անդրանիկ Քոչարյան. - Թեկնածությունները, մանրամասն պարոն Փաշինյանը միշտ ասել է, որ ցանկացած թեկնածու, որ կոմունիկացիոն խողովակի միջոցով կգա քննարկումների փուլ, նա պետք է լրացուցիչ ուսումնասիրվի, և վերջնական համոզմունքի կայացման պարագայում նոր տեղի ունենան լիարժեք քննարկումներ: Այնպես որ որևէ ճնշում որևէ պատգամավորի կամ խմբակցություն ներսում գոյություն չունի: Այս քննարկումներն էլ հենց դրանով են շատ լավը, որ, էլի եմ ասում, իրենց մեջ պարունակում են շատ լուրջ վեթինգի գործընթացներ:

«Ազատություն». - Արթուր Վանեցյանը երեկ ասաց, որ չի բացառում հանդիպել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, ճիշտ է նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեց, բայց առաջին նախագահի օրակարգում իշխանափոխության հարցը չկա, նա չի բարձրաձայնել այդ մասին, ուստի մնում է դաշինքը Սարգսյանի, Քոչարյանի հետ: Հիմա ինչո՞ւ ոչ, Ուկրաինայի օրինակն են բերում, որտեղ մայդանից հետո, տեսեք, քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել:

Անդրանիկ Քոչարյան. - Իշխանափոխության բազմաթիվ ծրագրեր կարող է ունեն, ինչի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը: Իրեն բարի երթ, եթե ինքը պատկերացնում է քայլելով կամ փողոցներ փակելով, առանց ժողովրդի մասնակցության դա անհնար է լուծել, իսկ եթե ինքը կարծում է, որ իրեն չեն մերժել, թող ինքը առաջնորդի այդպիսի մի շարժում՝ պարոն Վանեցյանի մասնակցությամբ և «Վերնատան» այդ ամբողջ քաղաքական համակարգի և քաղաքական գործիչների համախմբվածությամբ, տեսնենք՝ ինչ արդյունք կլինի: Եթե ժողովրդի աջակցություն, ունեցան, բնականաբար, տեղի կունենա իշխանափոխություն: Եթե իրենք վստահ են, ապա ինչո՞ւ այս պահին փողոցում չեն, երբ որ այդ հարցազրույցի ժամանակ ինքն ասում էր՝ «ո՞նց կարելի է՝ երկու տարի է արդեն կառավարում են, երեք տարի էլ սպասենք»: Չէ, մի սպասեք, վեր կացեք, քայլեք, բայց Դուք առջևից պետք է քայլեք, պարոն Վանեցյանն էլ պետք է ապահովի ձեր անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու: Թող քայլեն, իսկ պարոն Վանցյանի այդ հայտարարությունից ես հասկացա, որ պարոն Վանեցյանը նախկին իշխանությունների ամենահաջողված պրոյեկտն էր Ազգային անվտանգության ծառայության՝ այն ժամանակվա կողմից իրականացված:

«Ազատություն». - Նա նաև պնդում է, որ հիմա իրեն լռեցնելու նպատակ ունի իշխանությունը և քաղաքական հետապնդում է գնում:

Անդրանիկ Քոչարյան. - Բայց Արթուր Վանեցյանին պետք չի լռեցնել, նրան պետք է խոսեցնել, պարոն Վանեցյանը պարզապես շատ քիչ է խոսում, ինքը խոստացել էր շատ խոսել, և հիմա անընդհատ խոսում է իրեն լռեցնելու մասին, ինչո՞ւ պետք է լռեցնեն: Ինքը հիմա էլ ազատության մեջ է, թող խոսի ինչքան կարող է, թող սկսի իր գաղտնալսումից՝ ինչպե՞ս տեղի ունեցավ դա, ինքը արդյոք տեղյա՞կ էր, որ իրեն գաղտնալսում են, թե՞ չէ, եթե տեղյակ չէր՝ ուրիշ պատմություն, եթե տեղյակ էր, բնականաբար, իրեն խոսեցնելու ցանկությունը գնալով մեծանալու է իրավապահ մարմինների կողմից: Այնպես որ պարոն Վանեցյանը, եթե կարծում է, որ այսպես թեթև ինչ-որ քրեական գործերի մեջ է իր գործունեությունը ուսումնասիրվելու, սխալվում է, այնտեղ կան և՛ տնտեսական իր հետաքրքրությունների, ընտանիքի հետաքրքրությունների ուսումնասիրման խնդիր, և իր պաշտոնավարման ընթացքում քրեաօլիգարխիկ համակարգի ազատ շարժվելու հնարավորությունը արդեն տեսանելի է դարձել, թե ոնց են նրանք հանգիստ առնչվում, իհարկե, դա ձևակերպելով որպես օպերատիվ աշխատանք: Հիմա կտեսնենք: Իսկ պարոն Վանեցյանին բարի երթ, թող խոսի ինչքան կարող է, ինչքան շատ խոսի, այնքան շատ բան կիմանանք, թե ինչպիսի համագործակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել