Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը
20:08 - 24 հուլիսի, 2020

Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:  

Եվրոպական խորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:

Տեղեկատվությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը եւ ներկայացրել Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ։ 

«Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
հարգելի պարոն Բորել,

2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝ Եվրամիության արևելյան հարևանությունը:

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության դեմ:

Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:

Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել