Չեմ ընդունում տեսակետը, որ ՍԴ դատավորի թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է |lragir.am|
13:18 - 24 հուլիսի, 2020

Չեմ ընդունում տեսակետը, որ ՍԴ դատավորի թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Զարուհի Բաթոյանին հայտարարագիրը պատշաճ չներկայացնելու համար: Մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ հանձնաժողովը պարզել է, որ նա անմիջականորեն զբաղվել է բիզնես գործունեությամբ: Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի այս որոշումները, կարո՞ղ ենք ասել, որ այս կառույցն իր առաջին պտուղներն է տալիս:

Անկեղծ ասած, ես հիմա ավելի տեսանելի եմ գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, որովհետև վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն իսկ որոշակի վարույթների հարուցումը կամ բարեվարքության ստուգումը հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովն իր նոր գործիքակազմով և նոր կազմով ամբողջությամբ ձեռնամուխ է եղել օրենքով իր վրա դրված լիազորությունների իրականացմանը: Այդ առումով Հանձնաժողովի աշխատանքը շատ հուսադրող է, որ այն ակնկալիքները, որ կան այդ Հանձնաժողովից և այն լիազորությունները, որ ունի այդ մարմինը օրենքով, նրանք հաջողությամբ կիրականացնեն:

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթի հարուցումը կարո՞ղ է հանգեցնել նրան պատգամավորի մանդատից զրկելուն:

Դա նախատեսված է Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ-օրենքով, որ անհամատեղելիության պահանջների խախտումը հիմք է պատգամավորի լիազորությունների դադարման համար: Դա ամրագրված է Սահմանադրության 95-րդ հոդվածում, որտեղ նշվում է, որ պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել իր մանդատի հետ անհամատեղելի գործունեությունը, այդ թվում նաև ձեռնարկատիրական գործունեությունը: Եթե օրենքով սահմանված կարգով կարձանագրվի փաստը, որ պատգամավորի կողմից տեղի է ունեցել անհամատեղելիության պահանջների խախտում, դա հիմք է նրա պատգամավորական լիազորությունների դադարման համար: Իհարկե, կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:

Այս պահին դեռևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով պաշտոնյայի հայտարարագրերը և գործունեությանն առնչվող փաստաթղթերը, հայտնաբերել է նրա կողմից պատգամավոր եղած ժամանակ որպես կառավարիչ փաստաթղթերի ստուգում, ինչը ողջամիտ կասկած է այն մասին, որ տեղի է ունեցել անհամատեղելիության պահանջների խախտում: Այդ հիմքով հարուցվել է վարույթ, որի արդյունքում Հանձնաժողովը կտա իր եզրակացությունն անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության մասին: Այսինքն, այս պահին դեռ պետք է սպասել Հանձնաժողովի եզրակացությանը՝ հետագա մյուս գործընթացների համար:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանվել է նախարար Զարուհի Բաթոյանին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եղել է այդ նորմը, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն տուգանքի տեսքով այն դեպքերում, երբ հայտարարատուն հայտարարագրում տեղեկատվությունը ներկայացնում է թերի կամ ոչ ամբողջական, կամ հայտարարագիրն ուշացած է ներկայացնում: Իսկ ահա կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու համար էլ կա քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Սա այն դեպքերից է, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործել է իր լիազորությունների շրջանակում և օբյեկտիվորեն գնահատելով հայտարարագրում ներկայացված տեղեկատվության թերի լինելը, կիրառել է այն պատասխանատվության միջոցը, ինչն այսօր գործում է: Նախկինում էլ եղել են վարչական վարույթներ՝ հայտարարագրեր չներկայացնելու հիմքով: Իսկ ահա թերի ներկայացնելու հիմքով վարույթ ես առաջին անգամ եմ հանդիպում:

Նախօրեին կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին, բայց արդեն մամուլը գրում է, թե ով է եղել նրա հայրը, ինչու իշխանությունը կանգ առավ այդ թեկնածության վրա: Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցում, որքանով այդ թեկնածուն ընդունելի կլինի «Իմ քայլը» խմբակցության համար:

Անկեղծ ասած, չեմ ճանաչում թեկնածուին, այդ մասին տեղեկացել եմ կառավարության օրակարգին ծանոթանալիս: Այն, որ թեկնածուն շատերի համար հայտնի դեմք չէ, և պատգամավորները մեկը մյուսին հարցնում էին՝ ով է, սա ինձ համար ավելի շատ դրական ազդակ է, քան բացասական, որովհետև դաշտում թարմություն բերելու են նոր դեմքերը, նոր մարդիկ: Անցյալից եկած ստերեոտիպ կա, որ նույն մարդկանց պետք է տեսնենք: Ես դրական եմ համարում, որ նա հանրության կողմից մեծ ճանաչում չունի:

Ես վստահում եմ կառավարության ողջախոհությանը, գնահատականներին, հետևաբար որևէ բացասական կամ կանխակալ կարծիք նրա ներկայացրած թեկնածուի մասին ասել չեմ կարող: Բայց նաև չեմ ընդունում տեսակետը, որ թեկնածուին գնահատում են՝ հաշվի առնելով, թե ում որդին է կամ ում հայրը: Եթե անգամ չգիտեմ ում որդին լինի, զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար: Սա իմ սկզբունքն է, որ պետք է գնահատել մարդու մասնագիտական որակը: Միակ ինձ ուրախացնողն այն էր, որ թեկնածուն հայտնի չէ հանրության լայն շրջանակներին:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել