«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար
 |tert.am|
20:39 - 23 հուլիսի, 2020

«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 23-ին հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է:

«Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։

«Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել