Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
16:07 - 14 հուլիսի, 2020

Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին․

«ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ

Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետեւողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, եւ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:

Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։

Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։

ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել