Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|
13:16 - 07 հուլիսի, 2020

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։

«Մենք նրանցից այլ արձագանք ենք ակնկալում՝ հստակ հայտարարություններ։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ», - հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե միջնորդները համահունչ չեն արձագանքում նաև բանակցությունների «ձևաչափը փոխելու»՝ հայկական կողմի ջանքերին:

«Նրանք աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով և՛ մեզ սիրաշահել, և՛ նրանց, բայց դրա ժամանակն արդեն անցել է, մենք հստակություն ենք պահանջում», - ասել է Ալիևը, հավելելով՝ եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին։

«Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Մենք միջնորդներից առավել լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ ենք ակնկալում»։

Միջնորդների հասցեին մի քանի րոպե շարունակված քննադատական ելույթից հետո Իլհամ Ալիևը նաև պնդել է, թե «այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի»։

«Ես ասել եմ, որ մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների մեջ որևէ իմաստ չենք տեսնում»», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել