Մեկ մարդու կուսակցությունը |media.am|
18:25 - 03 հուլիսի, 2020

Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

media.am: Անձեռնամխելիությունից վերջերս զրկված և քրեական գործով մեղադրյալ դարձած Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարն է, այլ նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hetq.am-ը հաշվարկել է նրա հայտարարարգրած միջոցները՝ 99 միլիարդ դրամ կամ 206 միլիոն դոլլար։ Ծառուկյանի իրական կարողությունը կարող է ավելի մեծ լինել։

Ծառուկյանը հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004 թ․։ Media.am-ը ուսումնասիրեց կուսակցության գործող պատգամավորների կենսագրությունները, և պարզեց, որ 26 պատգամավորներից 14-ը Գագիկ Ծառուկյանի բարեկամներն են, նրա հիմնած հեռուստաընկերության նախկին լրագրողները, նրա բիզնես-ընկերությունների նախկին աշխատակիցները կամ նրա ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձինք։

Խնամի, ծանոթ, բարեկամ

Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները տարբեր ժամանակներում ընտրվել են ԱԺ պատգամավոր։

Ծառուկյան հարազատներ

2017-ից մինչ օրս պատգամավոր է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Գայանեի ամուսինը՝ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։

Հեղափոխությունից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավոր ընտրվեց նաև Ծառուկյանի խնամու՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը։

Այժմ Աբովյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է։ Նրա կինը՝ Նատալիյա Բուկովսկայան հայտարարագրել է շուրջ 105 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից։

Պատգամավոր էր նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է եղել 2017-2018 թթ․։

2007-ից ի վեր ԲՀԿ պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը, ով Արգամ Աբրահամյանի մերձավորներից է։ Երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն որոշեց չեզոքություն պահպանել, Ստեփանյանը հայտարարեց, որ սատարելու է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, «քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է»։

Խնամիական այս թևի ծանոթ-բարեկամներից ևս մեկ պատգամավոր է ԲՀԿ խմբակցությունում։  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ Կարինե Պողոսյանը, ով 2012-ին ՀՀԿ պատգամավոր էր դարձել, իր ձևակերպմամբ, «շնորհիվ և հանուն» Հովիկ Աբրահամյանի, դուրս եկավ ՀՀԿ-ից և 2017-ից ի վեր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է։

Կենտրոն հեռուստաընկերության լրագրողներ

Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Կենտրոն» հեռուստաընկերության երկու լրագրող անդամակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձել ԱԺ պատգամավոր։

Ծառուկյան ու կենտրոն թիվի

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» պարբերականներում։ 2007-ին նա հեղինակել և վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» քաղաքական հաղորդաշարը։ Նույն տարում նա ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։

Մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, մասնագիտական գործունեությունը սկսել է որպես «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թթ․, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, նա աշխատել է որպես նախարարության հասարակույնության հետ կապերի բաժնի պետ: Այնուհետև վերադարձել է «Կենտրոն» որպես լրատվական ծառայության տնօրեն: Տոնոյանը նաև «Կենտրոն» հ/ը տնօրենների խորհրդի անդամ է:

2015 թ. Տոնոյանը դարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն և այս պաշտոնը թողել է երկու տարի անց՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր դարձավ նաև նրա տեղակալը՝ Շաքե Իսայանը։

2012-ից ի վեր Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։

«Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ

ԱԺ ևս հինգ պատգամավորներ աշխատել կամ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնած կազմակերպություններում։

Շարունակությունը՝ media.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել