Երեք կուսակցությունների առաջ քաշած արհեստական օրակարգը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է հնարավոր քրեական հետապնդումներից․ Էդգար Վարդանյան
18:36 - 02 հուլիսի, 2020

Երեք կուսակցությունների առաջ քաշած արհեստական օրակարգը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է հնարավոր քրեական հետապնդումներից․ Էդգար Վարդանյան

Հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն եւ «Հայրենիք» կուսակցությունները Գլխավոր դատախազություն են ներկայացրել 9 էջից բաղկացած՝ «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»։ Ներկայացված հաղորդումը, ինչպես պնդում են կուսակցությունները, միտված է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։

«Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաեւ նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին եւ այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները»,- ասված է կուսակցությունների աշխատանքային խմբի հաղորդագրությունում։

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը համարում են, որ վերոհիշյալ գործողություններով խախտվում է իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը եւ փաստացի վերացվում Հայաստանի՝ իրավական պետության լինելու բնութագիրը, որ «առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի առերեւույթ հատկանիշներ պարունակող արարքներ», եւ Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ ակնկալում են քրեական գործի հարուցում եւ պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:

Երեք կուսակցությունների համագործակցության եւ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հայտարարությունների մասին infocom.am-ը զրուցել է քաղաքագետ էդգար Վարդանյանի հետ։

- Պարո՛ն Վարդանյան, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները դիմել են Գլխավոր դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով, իրենց պնդմամբ, օրենսդիրն ու գործադիրը ներկայացնող բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց՝ ՍԴ-ի լիազորություններին հանցակցությամբ տիրանալու մասին։ Խնդրում եմ Ձեր գնահատականը հայտարարության եւ համագործակցության վերաբերյալ։ 

- Գիտեք, ըստ էության, այդ համագործակցությունը հիմնված է մեկ գաղափարի վրա՝ փորձել դելեգիտիմիզացնել կառավարող ուժին եւ, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական տրանսֆորմացիաները Հայաստանում։ Այդտեղ այլ նպատակներ փնտրել պետք չէ։ Բնականաբար, դելեգիտիմիզացման նպատակը նաեւ հետեւյալ ենթանպատակը կամ մոտիվացիան ունի․ այդ քաղաքական խմբերի ներկայացուցիչների համար կա քրեական հետապնդումից պաշտպանվելու մղում, եւ որպեսզի այդ հնարավոր քրեական հետապնդումները ներկայացվեն որպես քաղաքական հետապնդում, այդ խմբերը որոշել են ինքնապաշտպանվելու յուրօրինակ ձեւ մշակել։ Փորձում են օգտագործել  յուրաքանչյուր առիթ՝ Հայաստանում տեղի ունեցողը հակասահմանադրական, հակաժողովրդավարական ներկայացնելու համար՝ հույս ունենալով, որ որոշակի ինֆորմացիոն աղմուկ կստեղծվի եւ այդ աղմուկի մեջ իրենք քաղհալածյալի կերպար կձեւավորեն իրենց համար։ Նույն մոտիվացիան ունեն քաղաքական այլ շրջանակներ, որոնք հանդես են գալիս հակահեղափոխական դիրքերից, որոնք Հայաստանում տեղի ունեցողն ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես հակապետական, հակազգային ինչ-որ գործընթաց։ Խոսքը վերաբերում է թե՛ քոչարյանամերձ շրջանակներին, թե՛ Սերժ Սարգսյանի լայն ընտանիքին հարող շրջանակներին։

Ակնհայտ է, որ որոշ անհատներ եւ շրջանակներ, ամենայն հավանականությամբ ինչ-որ անձնական նեղացվածության հանգամանքից ելնելով, սատարում են այդ շրջանակներին։ Նրանցից շատերը նույնպես ոտնձգություններ են իրականացրել օրենքի նկատմամբ, եւ իրենց նկատմամաբ քրեական գործերի հարուցումն էլ ժամանակի հարց է։ Վերոնշյալ ուժերը նախկին քաղաքական ռեժիմի շահերը ներկայացնող քաղաքական շրջանակներից որոշակիորեն տարբերվում են նրանով, որ իրենց քարոզչությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ իրենք, իբրեւ թե, պաշտպանում են հեղափոխությունը, ուղղակի նրանք, իբրեւ թե, հանդես են գալիս հեղափոխության կուրսի շեղման դեմ։ Դրանով փորձում են իրենց կողմը գրավել այնպիսի քաղաքացիների, որոնք երբեք չեն պաշտպանի, ասենք, ՀՀԿ-ին, նախկին օլիգարխներին, բայց ինչ-ինչ պատճառներով դժգոհ են այս կառավարության կուրսից։ Նրանք, ներկայանալով այդկերպ, փորձելու են սիրաշահել նման քաղաքացիների, այլապես այլ բացատրություն չկա։ Ակնհայտ արհեստական բաղադրիչը մենք տեսնում ենք իրենց գործունեության մեջ, որով փորձում են տարբերվել մնացածից։  Չեմ կարծում, որ այդ միավորումը կարող է որեւէ հաջողության հասնել։ Այստեղ մնում է այդ ինֆորմացիոն ֆոնը։ Չէի ցանկանա այնպիսի բաներ ասել, որոնք չեմ կարող հիմնավորել, բայց, իհարկե, կասկածներ կան առ այն, որ այս ամենի մեջ որոշակի արտաքին հետք կա։ Չեմ բացառում, որ որոշ շրջանակներ երկրից դուրս ցանկանում են ապակայունացնել վիճակը։

- Այս ուժերը հայտարարում են, թե սահմանադրական կարգ է տապալվել, իշխանությունները «վերցրել» են ՍԴ-ն։ 

- Այս հարցի պատասխանն, ըստ էության, տվեցի՝ նշելով այդ քաղաքական շրջանակների մոտիվացիան, նրանց գործողությունների մոտիվացիան։ Ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդավարության համար տարիներ շարունակ պայքարող շրջանակները, խոսքը վերաբերում է ե՛ւ անհատների, ե՛ւ կազմակերպությունների, լրատվամիջոցների, որոշ քաղաքական ուժերի, եւ այլն, խնդիր չեն տեսնում այստեղ, խնդիր են տեսնում նրանք, ովքեր նախկին քաղաքական ռեժիմի շրջանակներում եղել են իշխանության մաս։ Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի հասկանանք, որ արհեստական օրակարգ են առաջ քաշում եւ նպատակը իրենց յուրօրինակ ինքնապաշտպանությունն է քրեական հետապնդումներից․ նրանք փորձում են իրենց դիրքերը չզիջել, այս ամենից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ։ 

- Երբ դեռ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի չէր, ինքը՝ Ծառուկյանը, եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տարբեր հարթակներում նշում էին, որ պահանջում են այս իշխանության հրաժարականը, սակայն միավորվելուց եւ քրեական գործերի հարուցումից հետո այս պահանջը կարծես թե դուրս մնաց վերջիններիս օրակարգից։  Ձեր կարծիքով ի՞նչը կարող է լինել պատճառը, որ փոխեցին իրենց դիրքորոշումը։

- Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու են իրենք փոխում իրենց օրակարգը, որովհետեւ այդ ամնենն, այսպես ասենք, բնական քաղաքական գործընթացի տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որպեսզի ռացիոնալ բացատրություններ գտնենք։ Իրենք արհեստական գործունեություն են ծավալում, արհեստական օրակարգ են առաջ քաշում եւ ըստ իրավիճակի, ըստ իրենց ներսում ծագած խնդիրների՝ կարող են անընդհատ հայտարարություններ անել, փոխել մոտեցումները։ Նրանք տեսնում են, թե ինչ թեմա կա պահի դրությամբ, որը կարող է աղմուկ հանել, դրա հիման վրա կառուցվում է իրենց օրակարգը։ Բնականաբար, այն, ինչ իրենք անում են, քաղաքական իմիտացիա է, բայց ներկա ինֆորմացիոն դարաշրջանում շատերն են այդպիսի իմիտացիայով ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Մենք տեսնում ենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ փողոցային պայքարի իմիտացիա է ստեղծվում, եւ հնարավոր է՝ հետագայում փորձեն ավելի ինտենսիվ օգտագործել փողոցային պայքարի գործիքները, եւ այդ ամենը նույնպես արհեստական բնույթ ունի։ 

- Ինչո՞ւ ԲՀԿ-ն խորհրդարանը որպես հարթակ չի օգտագործում իր օրակարգը, պնդումները հանրությանը հասցնելու համար, ու դուրս է գալիս ԱԺ-ից, դիմում է արտախորհրդարանական ուժերին։

- Նրանք դրանով, կարծես թե, ուզում են սրել իրավիճակը, որ եթե մենք խորհրդարանում մնանք, տպավորություն կարող է ստեղծվել, թե սա սովորական քաղաքական պայքար է, իսկ իրենք ասում են, որ վիճակը ծայրահեղ է, սահմանադրական կարգ է տապալվել, եւ, քարոզչական նպատակներից ելնելով, ճիշտ է դրսից առաջ քաշել այդ օրակարգը։ Կրկին հոգեբանական ազդեցության  գործոնն է առաջնային։ Այսինքն, եթե իրենք մասնակցեն նիստերին, սովորականի նման, տպավորություն կլինի, որ երկրում այդքան ծանր իրավիճակ չէ, ինչպես իրենք են ներկայացնում։ Իհարկե, սա չի նշանակում, որ որոշ ժամանակ անց նրանք չեն վերադառնա ԱԺ։ Ինչպես նշեցի՝ այդ ամենն արհեստական է, նրանք կարող են արհեստական կերպով վերադառնալ, դուրս գալ, ինչ ասես՝ հայտարարել, հիմնավորում կա, թե ոչ՝ իրենց չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է ինֆորմացիոն աղմուկը։ Եթե խորհրդարանում ներկա լինելը ծառայում է այդ ինֆորմացիոն աղմուկի ստեղծմանը, ապա իրենք կլինեն այնտեղ։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել