Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ |armtimes.com|
15:50 - 01 հունիսի, 2020

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ |armtimes.com|

armtimes.com: Ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսի ներքին հիշողությունում առկա ֆայլերի, նաեւ սոցիալական ցանցերի հաղորդակցությունների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք կարող են առնչություն ունենալ սույն քրեական գործի հետ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը:

Գեւորգ Խաչատրյանը, հիշեցնենք, զբաղեցրել է ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ-ի պաշտոնը:

Ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը՝ դատախազ Սարգսյանը նշեց, որ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսում եղել է ծրագիր, որը նախատեսված է հեռախոսազանգերի բովանդակությունը ձայնագրելու համար. «Ըստ առկա կարգավորումների՝ այն ձայնագրելու էր ելքային եւ մուտքային բոլոր զանգերը, բացառությամբ՝ կոնկրետ համարների»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այդ համարները գրանցված են «Գուրգեն (վերահսկողություն)», «Վազգեն (վերահսկողություն)», «Վիգեն (վերահսկողություն)», «Սեւակ (վերահսկողություն)» անվանումներով: Դատախազի խոսքով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 11 հազարից ավելի ֆայլ: Սրա վերաբերյալ Խաչատրյանը որեւէ հայտարարություն չարեց:

Այնուհետեւ դատավոր Դավիթ Բալայանը ընթերցեց քննիչի հանձնարարությունը՝ ուղղված օպերատիվ մարմնին, որով, ի թիվս այլ գործողությունների, հանձնարարվել է պարզել, թե մեղադրյալ Դավիթ Սանասարյանը ինչ փոխհարաբերություններ է ունեցել Զարուհի Մեջլումյանի (ՊՎԾ նախկին խոսնակ,- խմբ.), Աշոտ Վանյանի (ՊՎԾ ղեկավարի նախկին խորհրդական,- խմբ.), Լուսինե Մաթեւոսյանի եւ Արման Դավթյանի հետ: Հիշեցնենք, որ նշված չորս անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ դեռ նախորդ տարի ներառվել են դատակոչի ցուցակում: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել էր, որ նրանց ցուցմունքները ի պաշտպանություն Սանասարյանի կարեւոր նշանակություն ունեն:

Դատավորի խոսքով՝ քննիչը հանձնարարել է նաեւ պարզել Սանասարյանի կողմից անձնական կարիքների համար օգտագործված չհայտնաբերված 5 միլիոն ՀՀ դրամի, 500 հզ ՀՀ դրամի, 600 հզ ՀՀ դրամի եւ 369. 65 եվրոյի ծագման աղբյուրները, դրանց ստացման իրական հանգամանքները եւ նպատակները, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանն իր հասանելիք աշխատավարձից բացի, դրամական միջոցներ, գույք ստացել է թե ոչ, եթե՝ այո, ապա ումից եւ կոնկրետ ինչ տեսակի. «Հանձնարարվել է նաեւ պարզել, թե ՊՎԾ աշխատակիցների կողմից ՍՊԸ-ներում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ ապօրինի գործողություններ կատարվել են, թե ոչ, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանի ցուցումով առանց նախատեսված հիմքի առկայության, ՀՀ վարչապետի համաձայնությամբ, ՀՀ ՊՎԾ ղեկավարի հանձնարարականով որ կազմակերպություններում են կատարվել ուսումնասիրություններ, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել»:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել