Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան
10:59 - 26 մայիսի, 2020

Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան

Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։Այս մասին այսօր Ազգային ժողովի  նիստի  սկզբում ասաց Արարատ Միրզոյանը։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե արդյո՞ք պարտադիր  է լինելու  նիստի  ամբողջ ընթացքում դիմակ կրելը, թե ոչ: Միրզոյանն արձագանքեց`

«Կրելը պարտադիր է թե' իրավական ակտի գործադրման առումով, թե' ելնելով բոլորի պատասխանատվությունից»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջամտեց և հարցրեց, թե սոցիալական հեռավորության դեպքում ի՞նչ կարիք կա դիմակ կրել: Միրզոյանը նշեց, որ հեռավորությունը կարող է պահպանված լինել, սակայն խոսափողներն էլ կարող են վիրուսի կրիչ լինել:

«Նաև հիշեցնեմ պատգամավորների բարձր առաքելությունը` քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալությունն է, չկրեմ դիմակը, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,-ասաց Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանը արձագանքեց, որ դիմակով խոսելն անհարմար է, նաև հավելեց, որ ԱԺ դահլիճում դիմակ չկրելը չի կարող կանոնների խախտում համարվել, քանի որ, ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի կիրարկվում խորհրդարանի վրա:Պատգամավորը Միրզոյանին ասաց նաև , որ վերջինս չի  կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ հարցը երկու շերտ ունի, այո, պարետի որոշումը քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե խորհրդարանին, սակայն երկրորդ շերտը քաղաքացիներին օրինակ ծառայելն է:

« Երբ ժամանակին ասում էինք, եկեք նիստերը քիչ անենք, բոլորդ էստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս, հիմա ասում եք, ոնցվոր այն ժամանակ սխալ ենք արել»,- ասաց Մարուքյանը։ 

ԱԺ-ը խոսանակը պատասխանեց՝

«Ես ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ դիմակ կրել դահլիճում, ընդունեք որպես խնդրանք, չդիտարկեք որպես մարտահրավեր։ Հակառակ դեպքում ես կիրառելու եմ այն մեթոդները, որոնք արդեն նշեցի»:

 Միրզոյանը ժամանակ տրամադրեց այն պատգամավորներին, ովքեր դիմակ չէին կրում։  Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ստացավ առաջին նախազգուշացումը՝ դիմակ չկրելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել