Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|
14:24 - 19 մայիսի, 2020

Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|

armenpress.am: Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը: 

«Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում:  Շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Ոստիկանությունը անձը նույնականացնելու գործառույթները կիրականացնի»,-ասաց Դանիելյանը: 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ կարելի՞ է հասկանալ, որ եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նկատեց պատգամավորը: 

Փոխնախարարը շեշտեց՝ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց Դանիելյան:

Նա նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել