Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «չեն ծառայում հակամարտության բանակցային կարգավորմանը» |civilnet.am|
23:06 - 07 մայիսի, 2020

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «չեն ծառայում հակամարտության բանակցային կարգավորմանը» |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 6-ին Ազգային ժողովում արած հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։

Խոսնակի համոզմամբ՝ «նման հայտարարություններով Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ հենց Հայաստանն է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը, հետևաբար՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»։

Աբդուլլաևան կարծում է, որ «նման հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից»։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները ամենևին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը»,- ասել է Աբդուլլաևան։ 

Ադրբեջանական արտաքին գերատեսչության խոսնակի խոսքով՝ «ցանկացած լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման հարցում, պատասխանատու է լինելու հայկական կողմը»։

Մայիսի 6-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ հարց ուղղվեց ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային տարբերակով կարգավորման հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ իր դիրքորոշումները չեն փոխվել՝ «սկսած 2018 թվականի մայիսի 8-ից, անգամ մի ստորակետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել