Պարտավոր ենք հակազդել Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը նսեմացնելու փորձերին.ԱԺ նախագահ |armenpress.am|
17:16 - 07 մայիսի, 2020

Պարտավոր ենք հակազդել Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը նսեմացնելու փորձերին.ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայրենական պատերազմի 75 ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով, պարտավոր ենք հակազդել պատմական այդ ժամանակաշրջանի իրադարձությունները վերանայելու փորձերին:  

«Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարևոր իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկությանը բերեց աղետներ ու տառապանք: Այն խլեց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքը, երկրագնդի վրայից ջնջեց հարյուրավոր քաղաքներ ու բնակավայրեր: Դաժան պայքարում Սովետական միության ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մյուս ազգերի հետ միասին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանեց Հայրենիքը և կիսեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունները»,-  նշել է Արարատ Միրզոյանը:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ  Մեծ հաղթանակը նաև ավելի քան 600 հազար հայերի անձնազոհության ու քաջության շնորհիվ է: Պատերազմի ժամանակ մարտի դաշտում հաղթանակի համար զոհվեց 100 հազար հայ: Արարատ Միրզոյանն այս ցուցանիշը բավական տպավորիչ է համարում ՝ հաշվի առնելով մեր ժողովրդի թվաքանակի և զոհերի քանակի հարաբերակցությունը: Նա հիշեցրեց, որ հարյուրից ավելի հայեր արժանացել են Սովետական միության հերոսի կոչման: Նրանց շարքում  են մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները: 

Արարատ Միրզոյանը նկատեց, որ այդ ընդհանուր հաղթանակն ընդդեմ պատերազմի էր, ագրեսիայի, ահաբեկչության, ագրեսիվ ազգայնականության, մարդու իրավունքների ու ազատությունների դեմ գործողությունների: Ըստ նրա՝ Հայրենական մեծ պատերազմը պետք է օրինակ ծառայի արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու գործում:

«Մենք պարտավոր ենք պահել այս պատերազմի մասին հիշողությունները և վճռականորեն հակազդել դրա նշանակությունը նսեմացնելու, արդյունքները վերանայելու ցանկացած փորձի: Մեծ հաղթանակը արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ, քանի որ այն ընդհանուր ժողովուրդների հաղթանակն էր չարի նկատմամբ»,-ասաց Արարատ Միրզոյանը: 

ԱԺ նախագահի խոսքով, միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները չկրկնվեն, որ ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության ու համերաշխության մեջ: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել մոտեցումներ, ինչպես նաև բարձրացնել միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, հատկապես խաղաղության ու անվտանգության հարցերի հետ կապված: 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հատուկ ընդգծելով նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ գործում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել