2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով. Քննչական կոմիտե
12:59 - 23 ապրիլի, 2019

2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով. Քննչական կոմիտե

2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ (2017-ին՝ 542), որից 1077-ը վարույթ է ընդունվել 2018-ի ընթացքում (2017-ին՝ 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից:

Քննչական կոմիտեում իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 տոկոսով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 1233 քրեական գործերից 315-ը վերաբերել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 86), 194-ը՝ 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 95), 143-ը՝ 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2017-ին՝ 8), 125-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը (2017-ին՝ 95), 111-ը՝ 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին (2017-ին՝ 67), 89-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն (2017-ին՝ 22), 78-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 88), 41-ը՝ 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն (2017-ին՝ 12), 39-ը՝ 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն (2017-ին՝ 27), 37-ը՝ 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 4), և այլն:

448 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է (2017-ին՝ 273): Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ (2017-ին՝ 366): Նշված անձանցից 77-ը ձերբակալվել են (2017-ին՝ 23), 62 անձ ազատվել է արգելանքից (2017-ին՝ 6): Որպես մեղադրյալ ներգրավվել են 658 անձինք (2017-ին՝ 265):

Մեղադրանք է առաջադրվել 585 անձի (2017-ին՝ 262): 53 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան (2017-ին՝ 41), որից 5-ը մերժվել է, 48-ը՝ բավարարվել, որից 21-ի նկատմամբ կիրառվել է գրավ: 31 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է (2017-ին՝ 15): Կալանքից ազատվել է 18 մեղադրյալ (2017-ին՝ 13), որոնցից 3-ը՝ դատախազի որոշմամբ, 15-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 55 անձի նկատմամբ (2017-ին՝ 58), իսկ ոչ արդարացման հիմքով՝ 217 անձի (2017-ին՝ 64): 3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից (2017-ին՝ 2):

Դատի է տրվել 190 անձ (2017-ին՝ 137), որոնցից 12-ը գտնվել են կալանքի տակ:
107 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2017-ին՝ 92), իսկ 341-ով վարույթը կարճվել է (2017-ին՝ 273), որից 235-ը` արդարացման հիմքով, 106-ը` ոչ արդարացման հիմքով: 21 քրեական գործով վարույթը կասեցվել է (2017-ին՝ 47), որից 14-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով (2017-ին՝ 33), 7-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու (2017-ին՝ 13):
464 քրեական գործ փոխանցվել է 2019 թվական (2018-ին՝ 151):

1233 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ (2017-ին՝ 191), որոնցից 16-ը՝ կասկածյալ, իսկ 382-ը՝ մեղադրյալ:

398 պաշտոնատար անձանցից 1-ը եղել է բարձրաստիճան պաշտոնյա՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:

Քրեական հետապնդման ենթարկված ամենամեծ թվով անձինք պաշտպանության և Զինված ուժերի ոլորտից են՝ 114 մեղադրյալ և 10 կասկածյալ, 71 մեղադրյալ տեղական ինքնակառավարման ոլորտից է, 55 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ սոցիալական ապահովության, 33 մեղադրյալ և 2 կասկածյալ՝ կրթության, 13 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ առողջապահության, մյուսները՝ այլ ոլորտներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել