10 միլիոն դոլարի ներդրում կարվի գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում. Նախարարություն
08:20 - 10 մայիսի, 2019

10 միլիոն դոլարի ներդրում կարվի գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում. Նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։

Նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ ակադեմիայի զարգացման ծրագրերին։

Ըստ հիմնադրի, Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։ 

Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձեւաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի եւ կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։

Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, եւ Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։

Ֆերման համապատասխանեցված է արտադրության եւ որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաեւ, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել