100 փաստ նոր Հայաստանի մասին․ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (թարմացվող)
12:19 - 25 հունվարի, 2020

100 փաստ նոր Հայաստանի մասին․ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (թարմացվող)

Կապանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտագնա մամուլի ասուլիսը: Նախատեսվում է, որ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին, կպատասխանի լրագրողների հարցերին:

16։18 - Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կա հակադրություն ՀՀ կառավարության և ՀՅԴ միջև։ Եթե կա հակադրություն, ապա դա ԿԳՄՍՆ-ի և ՀՅԴ այն հատվածի միջև է, որը նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել է որոշակի առնչություններ։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՀՅԴ-ն համազգային հարցերի շուրջ համագործակցության շատ մեծ պոտենցիալ և պատրաստակամություն ունեն։ Համոզված եմ, որ ՀՅԴ հետ, որպես համահայկական կառույցի, կկարողանանք կառուցողական երկխոսություն սկսել։ Բայց զուտ հայաստանյան մասով, եթե ՀՀ ներսում այդ արձանագրումը, փոփոխությունը տեղի չունենա, ՀՅԴ հայաստանյան կառույցի ապագան շատ մշուշոտ կդառնա։ [Նիկոլ Փաշինյան]

15։52 - Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ շատ շուտով կսկսվեն Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացման աշխատանքները։ [Նիկոլ Փաշինյան]

15:30 - Այս մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի միակ ակներև բացթողումն այն է, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ այնտեղ իրենց թույլ տվեցին հայհոյախառը բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել։ [Նիկոլ Փաշինյան]

15:22 - Ես, ընդհակառակը, ասել եմ, որ Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է դա ապահովենք․ մենք պետք է գումար ներդնենք, ստեղծենք ազգային ավիափոխադրող, որը երեք տարի հետո կսնանականա, ինչպես Հայկական ավիաուղիները և Արմավիա՞ն։ Ոչ, մենք պետք է բարելավենք տնտեսական դաշտը։ Դա է ճանապարհը, որ ի վերջո ի հայտ գա տեղական ներդրող։ Մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչով կարող ենք աջակցել, բայց այդ աջակցորւթյունը պետք է լինի զարգացման աջակցություն, ոչ թե կոնսերվացման աջակցություն։ [Նիկոլ Փաշինյան]

15:20 - Առաջին անգամ եմ լսում, որ Վահե Գրիգորյանը աշխատանքի չի գնում: Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել: [Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ աշխատանքներին չմասնակցելու մասին]

15:14 - Թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ կոնկրետ ավիացիայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները կատարվել են ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների։ Ինչով կարողացել, խանգարել ու վարկաբեկել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին։ Այդ մարդկանց մի մասին ես իմ նախաձեռնությամբ ոչ միայն աշխատանքից եմ հանել, այլև ընդհանրապես համակարգերից եմ հեռացրել՝ չտեսնեմ ընդհանրապես այդ մարդիկ պետական կառավարման համակարգին մոտ գան։ [Նիկոլ Փաշինյան]

15:05 - ԶՊՄԿ-ում բաժնետերերի փոփոխության և այդ բաժնետերերի հետ որոշ նախկին պաշտոնյաների փոխկապակցվածության մասին մամուլում լուրերի շրջանառվելու պահից ես հանձնարարել եմ, որ ստուգեն այդ տվյալները, և եթե այդպիսի բան պարզվի, այդտեղ կարող են որոշակի կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գալ։ Մենք ունենք մի քանի վարկածներ, մի քանի նախնական տեղեկություններ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ [Նիկոլ Փաշինյան]

14։49 - Ունե՞մ ես շահագրգռվածություն, որ Ամուլսարի հանքը շահագործվի․ և այո, և ոչ։ Ես շահագրգռվածություն ունեմ, որ հանքը շահագործվի, որովհետև դա կապված է ՀՀ անվտանգային միջավայրի հետ։ Եթե հանքը շահագործվեր այս տարի մենք կունենայինք, որ թե 7,5 %, այլ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր։ Բայց, մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ Ամուլսարի հանքը շահագործվի Հայաստանի և կոնկրետ Ջերմուկի ու հարակից գյուղերի բնակիչների առողջությանը և Հայաստանի բնությանը անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին։ [Նիկոլ Փաշինյան]

14։45 - Ենթադրում եմ, որ Լիդիանը կդիմի արբիտրաժ։ Այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի․ այս հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ ճանապարհը փակված է։[Նիկոլ Փաշինյան]

14։21 - Պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որ շահարկումները վերանան, որովհետև երբ դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ: Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին Ստեփանակերտում ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իր տեքստը։ Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին մեր կառավարությունն է և ինքս անձամբ։ [Նիկոլ Փաշինյան]

14։17 - Հիշում եք, որ 2010 թվականին Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել։ Որ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ ես հիմա պետք է այդ գործով հետաքրքրվե՞մ, թե՞ չհետաքրքրվեմ։ Հետո մտածեցի, ասեցի՝ լավ դե, ամոթ է, հիմա պետք է ասեն՝ սկսել է իր անձնական գործերով զբաղվել։ Եվ այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի, իր նախաձեռնությամբ, այդ կապակցությամբ դիմում է գրել և ասել է, թե գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը։ Եվ գնացել ցուցմունք է տվել, տվել է կոնկրետ մարդկանց անուններ։ Այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, և ինձ կանչել էին հարցաքննության։ Նաև ինձ տուժող են ճանաչել։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՀՔԾ-ում իր հարցաքննության մասին]

14։00 - 2010թ․ Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել։ Վերջերս մի քաղաքացի իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել՝ հայտնելով, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը։ Քաղաքացին տվել է ցուցմունք՝ նշելով կոնկրետ մարդկանց անուններ։ Այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, և ինձ կանչել էին հարցաքննության՝ տուժողի կարգավիճակով։ [Նիկոլ Փաշինյանը՝ երեկ ՀՔԾ-ում գտնվելու մասին]

13։57 - ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք այս պահին չունենք․ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից։ Մենք այսօր ունենք ԱԺ կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ [Նիկոլ Փաշինյան]

13։53 - ՀՀ ոստիկանության համակարգի, ԱԱԾ համակարգի և վարչապետի միջև այս պահին գոյություն ունի լիարժեք փոխադարձ վստահություն, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ համակարգերում չկան պաշտոնյաներ, որոնք կարող են ներքաշված լինել ամենատարբեր երևույթների մեջ։ [Նիկոլ Փաշինյան]

13։51 -  2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ քանի որ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

13։40 - Հեղաշրջման փորձեր չեն եղել, եղել են ռևանշի փորձեր, և այդ ռևանշի փորձերի ողնաշարը ջարդված է։ [Նիկոլ Փաշինյան]

13։20 - Գյումրիում տնակների հաշվառման և անօթևանների խնդիրներով զբաղվող հանձնաժողովը աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Ես ասում եմ, որ այս տարվա 3 մլրդ դրամի ծրագրով մենք լուծում ենք այն քաղաքացիների հարցը ում նկատմամբ պետությունն ունի դե յուրե արձանագրված պարտավորություն: [Նիկոլ Փաշինյան]

13:12-2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը: [Փաստ 100]

13:10- Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին:[Փաստ 99]

13:09-2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: [Փաստ 98]

13:08- «Իմ քայլը» հիմնադրամի և Կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում բնակվող և սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխաներ 2019 թվականի դեկտեմբերին ամանորյա շրջայցով եկել են Երևան, այցելել թատրոն, մանկական զվարճանքի կենտրոններ: Նմանօրինակ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Ամանորի, այլև այլ առիթներով: 2018-ից ի վեր ծրագրին մասնակցել է շուրջ 2800 երեխա` այցելելով թանգարաններ, թատրոններ, զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ: [Փաստ 97]

13:07-2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով: [Փաստ 96]

13:06-Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեց աշխատող, գործ անող մարդը։ Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին միջին բիզնեսով զբաղվող 13 գործարարներ։ Գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետը։ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու, այս տարի այն կանցկացվի Վանաձորում։[Փաստ 95]

13։05-2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ. դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%։Սա էլ այն մասին է, թե արդյոք օլիգարխիա կա, թե ոչ, եթե օլիգարխը վճարում է իր հարկերը, էլ ինչպես է օլիգարխ, այսինքն արտոնյա չէ։[Փաստ 94]

13։04-2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին։[Փաստ 93]

13։03-Հայաստանի Կառավարությունը Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին: Ինչու 10 հատ, որովհետև այս պահին պահանջարկն այքան է։[Փաստ 92]

13։02- Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ և հարցաքննվել եմ նաև այնտեղ։ [Փաստ 91]

13։01- Ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն. դրամ: Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում, բազմամարդ Հանրապետության հրապարակից։ Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել:[Փաստ 90]

13։00- Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Կադաստրի կոմիտեի ղեկավարի ընտրությունը կատարվել է կադրերի բանկից:[Փաստ 89]

12։59-ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է: [Փաստ 88]

12։58-87. Ըստ «Gallup» ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն 2019» ամենամյա զեկույցի՝ Հայաստանն ամենից ապահով երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղն՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ։ [Փաստ 87]

12։57- Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի Բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:[Փաստ 86]

12։56-Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»: [Փաստ 85]

12։55-84. Ըստ «Freedom House»-ի 2019 թվականի զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Աշխարհի ութ ազատ երկրների շարքին ենք դասվում։ [Փաստ 84]

12։54-83. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:[Փաստ 83]

12։53- 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29%-ով, 2017-ի համեմատ՝ 47%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670։[Փաստ 82]

12։51-Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա: Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

• Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»
• Վիեննա, «Wizz air»
• Վիլնյուս, «Wizz air»
• Բեռլին, «Ryanair»
• Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»
• Հռոմ, «Ryanair»
• Միլան, «Ryanair»
• Աթենք (Գյումրիից), «Ryanair»
• Սալոնիկ, «Ryanair»
• Ռիգա, «Air Balt։ [Փաստ 81]

12։50- Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան՝ 2017թ - 3240, 2018թ - 5994, 2019թ - 9644 (նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197%-ով):[Փաստ 80]

12։49- Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քառ. մ տարածք: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների:[Փաստ 79]

12։48- 2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել:[Փաստ 78]

12։47- 2019-ի հոկտեմբերի 6-9-ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան ժամանեցին ավելի քանի 2500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվեց աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես եկան հայկական միասնական տաղավարով, որի արդյունքում ստորագրվեցին 9 հուշագրեր, ձեռք բերվեցին 200-ից ավելի պայմանավորվածություններ և ստեղծվեցին ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։[Փաստ 77]

12:46-2019-ի ընթացքում Հայաստանն հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, նախագահող Հայաստանի հրավերով մասնակցել են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Երևանում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվել են ազատ առևտրի և համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք կնպաստեն միության երկրների և աշխարհի հզորագույն տնտեսություններից մեկի միջև ապրանքաշրջանառության աճին։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ աննախադեպ է եղել իր ծավալներով:Այսինքն ԵԱՏՄ շրջանակներում այդպիսի մասշտաբային գագաթնաժողով նախկինում երբեք չի իրականացվել։[Փաստ 76]

12:44-Հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվել է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով զբաղվող գլխավոր մարմնի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մրցակցային այս ընտրություններում Հայաստանն իր տարածաշրջանային ենթախմբում ստացել է ամենամեծ թվով՝ 144 երկրների աջակցությունը, ինչը վկայում է ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում ՀՀ միջազգային վարկի նկատելի բարձրացման մասին։ ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել է Հայաստանը և այն համահեղինակվել է 54 երկրի կողմից:[Փաստ 75]

12։43- ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները` Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև` աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է:[Փաստ 74]

12։42-2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ:[Փաստ 73]

12։41-Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել:[Փաստ 72]

12։40-2019 թվականին լրացուցիչ 984 մլն. դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Այսպիսով, 2019թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։[Փաստ 71]

12։39-2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Մասնավորապես՝ բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում կորուստների մակարդակը 2018-ի համեմատ նվազել է 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.8%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 2.5%-ային կետով: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:[Փաստ 70]

12։37-2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: [Փաստ 69]

12:36-2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, և դրա հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։[Փաստ 68]

12:34-Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ Հայաստանի իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած, փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ: Սրանք այն դեպքերն են, երբ համայնքի որոշ ղեկավարներ, դպրոցի որոշ տնօրեններ իրենց բարեկամներին, ընկերներին բերում են, գրանցում են հաստատություններում, բյուջետային հիմնարկներում, և նրանց աշխատավարձ են վճարում՝ չկատարած աշխատանքի դիմաց։ [Փաստ 67]

12:33-Բացահայտվել են օտարերկրացիների կողմից Հայաստանի օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից: [ Փաստ 66]

12:32-ՀՀ ՊԵԿ իրավական գործառույթի իրականացման արդյունքում 2019 թվականին պետական բյուջե է գանձվել 50.9 մլրդ. դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 60%-ով, 2017 թվականի ցուցանիշը՝ 90%-ով: Սա թաքցված հարկերի հայտնաբերման գործընթացն է։ [Փաստ 65]

12:31- Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331.9 միլիոն դրամ: Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավել է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ընդ որում, Ազգային ժոցովում ես սխալ ասացի, ասացի, որ այս տարի ավելի է, քան ՀՔԾ գոյության պատմության ողջ ընթացքում, բայց պետք է ասեի՝ 7 անգամ ավելի է, քան ՀՔԾ գոյության նախորդ ողջ շրջանում։ Նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ. դրամ մեկնարկային արժեքով:[Փաստ 64]

12։30- Վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:[Փաստ 63]

12։29-2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500%-ով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6%-ով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին` 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77%-ով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51%-ով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված Կառավարության քաղաքականությունն արդյունավետ է: Այդ թվում՝ հաղթահարվել են վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները:[Փաստ 62]

12։26-Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է 2.5 մլն. դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելու և այս հարցում նրանց աջակցելուն միտված: Կառավարության մշակած «10 մլն. ծառատունկի» ծրագիրը, որի նպատակն է մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն. ծառ, արդեն գործնական փուլ է մտել: Որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություններ են ձեռք բերվել։ 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն. դրամ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
· 150 հա անտառապատում, որից 10 հա ցանքսի, 140 հա` տնկման միջոցով,
· 200 հա բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով,
· 460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում,
· 26 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում,
· 5,8 հա տնկարանի ցանքս,
· 28000 կգ անտառային սերմերի մթերում։
Գնվել է`
· 8 տրակտոր
· 8 անտառային գութան
· 8 գյուղատնտեսական գութան
· 4 փոսահատ մեքենա
· 21 տոննա տորֆ։
Աշխատանքների իրականացման համար 940 մարդ ընդունվել է սեզոնային աշխատանքի:[Փաստ 61]

12:25-  2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 2.1 անգամ:[Փաստ 60]

12:24- Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:[Փաստ 59]

12:22- 700 միլիոն դրամով աճել է հետևյալ մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող.
· Հայաստանի ազգային պետական երգչախումբ,
· Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
· Պետական սիմֆոնիկ նվագախումբ,
· Կոմիտասի անվան ազգային քառյակ,
· Հայաստանի ազգային ջազ նվագախումբ,
· Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ «Հովեր»,
· «Տաղարան» համույթ,
· Երևանի պետական կամերային երգչախումբ,
· Կամերային նվագախումբ,
· Կամերային երգչախումբ:[Փաստ 58]

 

12:21- Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է շատ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լեփ-լեցուն դահլիճում հանդես եկավ տոնական համերգով: Տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում: Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54.802 մարդ, որից 51.014-ը գնել է տոմս, 3.788-ը ներկայացել է հրավիրատոմսով:[Փաստ 57]

12:20-  2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն. 230 հազար այցելու, ինչը 18%-ով կամ 18.6 հազարով ավել է, քան 2018 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը, և 33%-ով կամ 30.7 հազարով ավել է, քան 2017 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2.746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են Կառավարության սահմանած անվճար մուտքի իրավունքից:[Փաստ 56]

12:19- 2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան։ [Փաստ 55]

12:17- Սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերի նախկին զինծառայողներին անհատույց կերպով բնակարաններով ապահովելու նպատակով թվով 80 նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն. դրամի չափով: Կառավարությունը ևս 2 մլրդ. 920 մլն. դրամ է հատկացրել զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։ Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։ Ներկայումս քննարկման է դրված ևս 150 զինծառայողների անհատույց կերպով բնակարանով ապահովելու հարցը: Զոհված (մահացած) զինծառայողների թվով 49 ընտանիքների բնակարանային ապահովման հարցին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան): Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է: [Փաստ 54]

12:15- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել է 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով ևս 19 տարվա դեպքերը: 2018-ի մայիսի դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ, կառավարության կողմից հավանության է արժանացել և ԱԺ է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որի համաձայն` օրենքով սահմանված զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվելու են նաև մարտական հերթապահության մեջ չգտնվող զինծառայողների կյանքին և առողջությանը՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում պատճառված վնասների հատուցման իրավունքը: Այսինքն՝ մինչև հիմա եթե ինքը մարտական հերթապահության էր, միայն այդ ժամանակ էր փոխհատուցում ստանում, հիմա, եթե նույնիսկ թիկունքում է, բայց հակառակորդի օրինակ հրետանային կամ ականանետային հարձակման արդյունքում ուղղակի վնաս է նրել, այդ դեպքերը ևս ներառվելու են ծրագրի մեջ։[Փաստ 53]

12:14- 2020 թվականի հունվարի 1-ից Կառավարությունը փոխհատուցելու է Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կացարաններում բնակվում է 63 միայնակ կենսաթոշակառու:[Փաստ 52]

12:13-Կառավարության որոշմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար: Ծրագրի նպատակը նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծումն է, ինչպես նաև նախատեսվում է պահպանել այդ ընտանիքների՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիսների ընթացքում: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է շուրջ 700 մլն. դրամ։ Շահառուները կստանան 350.000 դրամ անասունի ձեռքբերման համար, 230․000 դրամ կերի ձեռքբերման համար, անասունին պահելու համար ծրագրի շահառուին և անասնաբույժին տրամադրվում է ամենամսյա գումար նվազագույն աշխատավարձի` համապատասխանաբար 50 և 20%-ի չափով։[Փաստ 51]

12:12- Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։[Փաստ 50]

12:10- 2020 թվականից Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիրը։ Ըստ այդմ, 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ: Այդ հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը։ Այս մոդելով քաղաքապետարանը մտադիր է առաջիկա տարիներին լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։ Վերցվում է այս պահին վթարային 2-3 շենք, բնակիչների համար խնայված միջոցներով կառուցվում են շենք բացարձակապես ուրիշ տեղ, վթարային շենքերի բնակիչներին տեղափոխում են նոր կառուցված շենքեր։ Այս 2-3 շենքը քանդում են, տարածքը մրցույթով հանվում է ներդրումային ծրագրերի, ներդրումների պայմանների մեջ լինում է, որ այս բնակարանների թվով բնակարաններ պետք է տան Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը երբ սրանք ստանում է, ուրիշ 2-3 շենքերի բնակիչների տեղափոխում է այս նոր կառուցված շենքեր, հետո էլ դրանք են քանդվում, և այսպես հերթով, շղթայական այդ խնդիրը լուծվում է։ [Փաստ 49]

12:09-Կառավարության որոշմամբ 1.9 մլրդ. դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով: Ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաև զբաղվածության պետական ծրագրերում։ Այսպիսով Կառավարությունը կատարում է 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը:[Փաստ 48]

12:07- 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2020 թվականի հունվարի 1-ից համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այսինքն՝ այսօր արդեն 272 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացել է, բայց իրենց ոչ ոք չի ասել դա, որովհետև իրենց աշխատավարձը, ըստ էության, մնացել է նույնը, նվազել է իրենց աշխատավարձից պահվող եկամտային հարկը։ Այս ամենի արդյունքում քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով: Հունվարից սկսած մեր քաղաքացիներն իրենց տնօրինման ներքո ունենալու են 2.5-ից 4 միլիարդ դրամ։ Այս ամպլիտուդը պայմանավորված է նրանով, որ այդ աշխատավարձերը երբեմն որոշակի սեզոնայնություն ունեն՝ կախված պարգևավճարներից, և միշտ չէ, որ դա կանխատեսելի է։ Ուզում եմ հիշեցնել, որ պարգևավճարները ևս եկամտային հարկով հարկվում են որպես աշխատավարձի մաս։[Փաստ 47]

12:05-  Բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել է 30%-ով:[Փաստ 46]

12։04-Փրկարար ծառայության շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից բարձրացվել է մինչև 130 հազար դրամ: Հոկտեմբերի 1-ից 99 անտառապետի և 512 անտառապահի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով: Աշխատակիցներն առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստ<


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել