Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել բացման խոսքով ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին
10:13 - 28 նոյեմբերի, 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել բացման խոսքով ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կազմակերպված ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին և հանդես եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Եվրասիական տնտեսական միության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարգելի նախագահողներ,

Համատեղ նիստի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից:
Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետ ինտեգրացիոն միավորում է՝ ստեղծված անդամ պետությունների կայուն տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար:

Միությունն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները, ինչպես նաև կհավելեմ, բազում երկրների ցանկությունը ունենալու գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, մասնավորապես՝ առևտրի մասով:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Եվրասիական միությունը մեծ, ընդհանուր և միաժամանակ բարդ օրգանիզմ է, որում մեր երկրները փոխադարձ հարգանքի վրա հենվելով և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով, ամենօրյա և նպատակաուղղված աշխատանքով լուծում են արդիական խնդիրները: Այստեղ, իհարկե, կցանկանայի կանգ առնել Միության մարմինների աշխատանքի շարժունակության և արդյունավետության վրա: Մի կողմից, այո, իսկապես դա միություն է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ինչը Միության ինստիտուցիոնալության տեսանկյունից, իհարկե, շատ լավ է:

Մյուս կողմից՝ դա ունի որոշակի ազդեցություն որոշումների կայացման արագության վրա, բայց ես ձեզ վսհատեցնում եմ, որ ամեն դեպքում ամեն օր կամ ամեն տարի գուցե լուծումների քննարկումը և ընդունումը տեղի է ունենում ավելի արդյունավետ և օպերատիվ կերպով, և այս առումով միության և գործընթացների կառավարման հեռանկարները ամեն տարի զարգանում են, և մենք կարծում ենք, որ դառնում են գործուն և օպերատիվ:

Ինչպես գիտեք, Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք մեր կողմից առավելագույն ջանքերն ենք գործադրել Միության լիարժեք գործառնության, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման համար:

Այս տարի մենք վերջնականացրել և անցել ենք Միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանը և Սերբիայի հետ կնքել ենք համաձայնագիր: Ես կարծում եմ, որ դրանք բավականին նշանակալի արդյունքներ են, քանի որ առևտրի ծավալը և հարաբերությունների ծավալը, որոնք կարգավորվում են այս համաձայնագրերով բավականին մեծ են: Կարծում եմ, որ մեր երկրների բիզնեսների համար դրանք առևտրային կապերը զարգացնելու լավ և նոր հարթակներ են:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Կցանկանայի նշել, որ Միության շրջանակներում ինտենսիվ համագործակցում են ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչները, այլև ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները:

Կարծում եմ, որ ձեր համագործակցությունը Միության շրջանակներում ամեն տարի ամրապնդվում է, իսկ այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Լեոնիդի Կուդրինը հանդիսանում է Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, իր հերթին թույլ կտա զարգացնել և ամրապնդել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Անխոս, մարմինների համագործակցությունը շատ կարևոր թեմա է: Ընդհանրապես դժվար է պատկերացնել տնտեսական միության զարգացում առանց պետությունների բոլոր մարմինների ընդհանրական համագործակցության: Այս իմաստով և՛ այսօրվա նիստի փաստը, և՛ այն փաստը, որ հաշվեքննիչ պալատների միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն այսօր, ուրախացնում է և կարևոր նշանակություն ունի մեր տնտեսական համայնքների զարգացման համար:

Այսօր հերթական միջոցառումն է, որը վկայում է, որ ինտեգրման զարգացումն անցնում է ընդհանրական, ինչը շատ կարևոր է:

Որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կարող եմ վստահեցնել, որ մենք բարձր ենք գնահատում և ուշադրությամբ ենք վերաբերվում Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող համատեղ վերահսկիչ միջոցառումների արդյունքներին:

Ձեր առաջարկություններն ու խորհրդատվությունները մեզ ներկայացնում են օբյեկտիվ տեղեկատվություն Միության բյուջեի արդյունավետ ծրագրման և ծախսման, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի վճարների ժամանակին և ճիշտ բաշխման համար: Սա նույնպես բավականին բարդ թեմա է, քանի որ մաքսատուրքերի վճարների բաշխումը, ինչպես գիտեք, ուղղակի մաթեմատիկական բանաձև չէ:

Մենք այդ թեմայի մեջ ներդրել ենք հիմնական տնտեսական սկզբունքները: Այս թեման քննարկվել է շատ երկար և շատ մանրամասն: Եվ գրեթե մեկ տարի այն քննարկվել ք: Այս տարի մենք հանգել ենք որոշակի բանաձևի, որն իր մեջ ներառում է, կկրկնեմ, ոչ միայն մաթեմատիկական հետևանքներ, այլ իրապես մասնակիցների տնտեսական զարգացման մակարդակ: Այսինքն մեր երկրների տնտեսությունների համար նշանակություն ունեցող շատ գործոններ այս իմաստով հաշվի են առնվել:

Հարգելի հյուրեր,

Ամփոփելով ցանկանում եմ մաղթել բոլորիս արգասաբեր և հաջող աշխատանք և, իհարկե, հաճելի ժամանց Հայաստանում: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ձեզ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և մաղթել ամենայն բարիք:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել