ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում
15:01 - 27 մայիսի, 2019

ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում

Հունիսի 9-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ ՀՀ 9 մարզերի 23 համայնքներում, որոնցից 3-ում կընտրեն և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանի, 12-ում՝ միայն համայնքի ղեկավար, 8-ում՝ ավագանի։

15 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 46 թեկնածու, որոնցից 41-ն անկուսակցական են, 3-ը՝ ՔՊ անդամ, 1-ը՝ ԲՀԿ անդամ և 1-ը՝ ՀՅԴ անդամ։

Ինքնաառաջադրվել են 45 թեկնածուներ և միայն մեկը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ անդամ Գրիգոր Գուլյանն է առաջադրվել կուսակցության կողմից։

Ինքնաառաջադրվել են նաև 2 ՔՊ-ական թեկնածուներ՝ Քարաձոր և Շենավան համայնքներում։

ԲՀԿ-ական Արսեն Կարապետյանը և ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանն առաջադրվել են համապատասխանաբար Գետարգել և Ազատամուտ համայնքներում։ Առաջինը համայնքի գործող ղեկավարն է, երկրորդը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Համայնքի գործող ղեկավարներն ինքնաառաջադրվել են նաև 6 այլ համայքներում, իսկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարները՝ 4 համայնքներում։
Համայնքի ղեկավարի ամենաշատ թեկնածուները գրանցվել են Աբովյան և Գեղհովիտ համայնքներում՝ յուրաքանչյուրում 6 թեկնածու, Նորակերտ և Քարաձոր համայնքներում՝ 4 թեկնածու։

Ակնհայտ միջկուսակցական պայքար չի ծավալվի համայնքներից և ոչ մեկում, քանի որ կուսակցական թեկնածուների հետ պայքարի մեջ են մտել միայն անկուսակցականներ։

Լարված մրցակցություն է սպասվում Աբովյան համայնքում, որտեղ պայքար է ծավալվում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի և գործող համայնքի ղեկավար, Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանի միջև։

11 համայնքներում գրանցվել է ավագանու անդամի 100 թեկնածու, որոնցից 3-ը ՔՊ անդամ են, 3-ը՝ ԲՀԿ անդամ, 1-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ։

Թեկնածուներից 98-ն ինքնաառաջադրվել են, իսկ 2-ն առաջադրվել են Հանուն սոցիալական արդարության կուսակցության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել