Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից
09:54 - 19 ապրիլի, 2020

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից

ՀՀ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից՝  վարչապետի ուղերձի փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Հարգելի գործընկերներ,

Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։

Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»,- գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ Հանրայինը հայտնել էր, որ իրենց հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք տեղի չի ունեցել, և որ  ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են ութ այլ հեռուստաընկերություններ։

Մանե Գևորգյանի հայտարարությանը հետևել է Հանրային հեռուստաընկերության կողմից ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը։

«Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։

Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա»,- գրել է նա։ 

Հակոբյանը նշել է, որ բազմաթիվ անգամներ կազմակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումները, տեսագրությունները, շտկել է մանրամասներ, սակայն ուղիղ եթերում գտնվող հրահանգը ոչ մի անգամ ինքը չի տվել վարչապետին, այլ՝ կազմակերպիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել