ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Երևանի և Գյումրու «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագիրը»|shantnews.am|
12:31 - 21 նոյեմբերի, 2019

ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Երևանի և Գյումրու «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագիրը»|shantnews.am|

shantnews.am: Վերակառուցման և զարգացման բանկը ֆինանսավորում է Երևանի և Գյումրիի «Կանաչ» քաղաքի գործողությունների ծրագիր: Այսօր Գյումրիում անցկացվել է ծրագրի հանրային քննարկում: Կանաչ կոչվող ծրագիրն ամենևին էլ չի վերաբերում միայն քաղաքի կանաչ տարածքներին: Այն ծրագիր է քաղաքի զարգացման մասին, որտեղ կարևորվում են բնապահպանական պահանջները: Մասնավորապես` մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցապատումների և կանաչ տարածքների սահմանագիծն ունենալ, և կառավարելի դարձնել կոյուղաջրերի հոսքը:

Գյումրու գլխավոր հատակագիծն այն փաստաթուղթն է, որը «Կանաչ քաղաք» ծրագրի մասնագետները առաջինն են ուսումնասիրել և հատակագծում բնապահպանական խախտումներ են: Մասնավորապես՝ քարտեզագրումով տարածքը նշված է կանաչ գոտի, իսկ իրականում կառուցապատված է կամ տնակներ են տեղադրված: Ծրագրի փորձագետները նշում են՝ այս ամենը Գյումրիում սկսվել է 88-ից հետո, երբ կարևոր չէր, թե բնակարանը կորցրած ընտանիքները տնակները որտեղ էին տեղադրում:

Քաղաքի նոր հատակագծում փոփոխություններ կատարել փուլ առ փուլ: Սա առաջարկներից մեկն է, որը ներկայացվում է «կանաչ» քաղաք զարգացման ծրագրով: Իսկ ընդհանուր առաջարկների թիվը 42-ն է: Մինչև 2025 թվականը նախատեսվում է Գյումրիում կանաչ տարածքները սահմանազատել ու ավելացնել: Գյումրին աշխարհի այն քաղաքների ցանկում է, որտեղ մեկ շնչին բաժին ընկող կանաչ տարածքի մակերեսը շատ փոքր է:

«1 շնչին ընկնող կանաչ տարածքների հարաբերակցությունը Գյումրիում 3,90 մետր քառակուսի է: Սա պաշտոնական թիվ է, որը բնականաբար, շատ-շատ քիչ է առաջավոր եվրոպական կամ այն բնակավայրերի համար, որոնք համարում են, որ իրենց քաղաքն այն քաղաքն է, որտեղ մարդը պիտի ցանկանա ապրել: Երբեմն ինձ հակադարձում են, թե Փարիզի դեպքում էլ է այդ թիվը փոքր: Բայց հաշվի առնենք, որ Փարիզն ունի այնպիսի ջրային համակարգ, որը ապահովում է օդի մաքրումը: Գյումրիում և Երևանում մենք դա չունենք»,- ասել է ծրագրի փորձագետ Դշխուհի Սահակյանը:

Կանաչ տարածքներն ավելացնել, հստակ քաղաքաշինական պլան ունենալ, օդի աղտոտվածությունը նվազեցնել, կառավարելի դարձնել կոյուղաջրերի հոսքը: Այս ամենը բավական մեծ ֆինանսավորում է պահանջում, բայց առայժմ միայն փաստաթղթի տեսքով են մասնագետները մշակել, թե ինչպես է դա հնարավոր կատարել:

Հանրային քննարկման մասնակիցներին հնգօրյա ժամկետ տրվեց՝ Գյումրիի կանաչ քաղաքի զարգացման ծրագիրն ուսումնասիրելու, դրանում առաջարկություններ ու փոփոխություններ կատարելու համար: Հետո այն ներկայացվելու է ավագանու հաստատմանը, իսկ փաստաթուղթը քաղաքի կանաչ զարգացումը կսկսի ապահովել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել