Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան
16:47 - 19 մարտի, 2020

Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ կասկածից վեր է, որ այս կորոնավիրուսն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Այս մասին նա ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։

Խոսելով տարբեր երկրներում հայ համայնքների մասին՝ Սինանյանը նկատեց՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Իտալիայում եւ Չինաստում մեր համայնքը շատ մեծ չէ, Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Այնտեղ մինչ այս պահը գրանցվել է տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, եւ, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունեն, բացի հայտնի փաստը, որ կիրակի օրը Իտլիայից չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունեն, սակայն մշտական կապը պահում են։

Ի դեպ՝ հանձնակատարը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որոնք շաբաթվա սկզբին արդեն ստացել են։ Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու։

Սփյուռքի գործերի գրասենյակը չի տվել մի քանի ծրագրերի մեկնարկ։ Մասնավորապես, «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն սկսել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․

«Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել