Սանասարյանի գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն․ Դատախազություն |azatutyun.am|
11:40 - 29 ապրիլի, 2019

Սանասարյանի գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված ժամկետներում քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որի արդյունքում կայացված որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին:

Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից։ Այս մասին փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը», - հավելեց Խաչատրյանը:

Պաշտպանական կողմը միջնորդությամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել այլ քննչական ծառայություն։

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը նախանցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանն ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել