Պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|
10:09 - 16 հուլիսի, 2019

Պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am։ Հատուկ քննչական ծառայությունից պարբերաբար տեղեկանում ենք, որ հիմա տարբեր փորձաքննություններ են անցկացվում, որպեսզի հասկանան խնդրի էությունը։ Ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի դեպքով հարուցված քրեական գործին։

Նա, խոսելով գործարանում ստեղծված իրավիճակի մասին, վստահեցրեց, որ խնդիրն ամեն օր իրենց ուշադրության կենտրոնում է և անելու են առավելագույնը՝ պաշտպանելու աշխատակիցների շահերը. «Մեր աշխատակազմն աշխատում է գործարանի աշխատակիցների փաստաբանի հետ։ Խնդիրն այն է, որ պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են և որևէ փոխհատուցում նրանք չեն ստացել։ Դրանից բացի ըստ աշխատակիցների՝ իրենց տևական ժամանակ չեն վարձատրել, կամ էլ առանց վարձատրության հավելյալ աշխատեցրել»,- ասաց պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահը կարևորեց գլխավոր դատախազության արագ արձագանքը, որի հանձնարարությամբ էլ հարուցվել է քրեական գործ և խնդիրն այժմ գտնվում է իրավական տիրույթում։

Հարցին, արդյոք ներգրավվելու է պղնձամոլիբդենային գործարանում կատարվածն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, վերջինս պատասխանեց. «Անկեղծորեն չեմ կարող պնդել, որ ներգրավված կլինեմ, որովհետև հասկանում եք այստեղից Ագարակ գնալ-գալը՝ հաշվի առնելով իմ ծանրաբեռնվածությունը։ Բայց վստահ եղեք, որ մեր կառույցից իրավաբան և Ագարակի կառույցից իրավաբան անպայմանորեն ներգրավված կլինեն աշխատանքներում, որպեսզի հանձնաժողովի հետ ինտերակտիվ կապն ամեն օր լինի», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել