Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի ՊԲ
09:14 - 31 օգոստոսի, 2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային եւ արեւելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման եւ հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, եւ գոհունակություն հայտնել այս համատեքստում արդեն իսկ իրականացված ու դեռեւս շարունակվող համալիր գործընթացներից:

Պաշտպանության նախարարները նաեւ հանդիպումներ են ունեցել հրամանատարության ու ժամկետային անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին եւ վստահեցրել վերջիններիս, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրները այսուհետ եւս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել